12.02.2011

Հիշիր ինձ...կամ մի հիշիր

  Այսօր հավաքվել էինք քրոջս տան խոհանոցում ու խոսում էին դեսից-դենից, մեկ էլ մի միտք հնչեց, որը սթափեցրեց սովորական միապաղաղ խոսակցություններից ընդարմացած գիտակցությունս. ներկաներից մեկն ասաց. " Նենց երջանիկ եմ, որ մամաս հիշողությունը կորցրել ա լրիվ: Իրա համար տենց ավելի լավ ա":
  Այ քեզ բան....մարդն անառողջ ա, ու դա ԼԱՎ ա? Հա, շատ էլ լավ ա:
  Մեզանից որ մեկը այնքան համարձակություն կունենա պնդելու, թե չկա այնպիսի բան, որ ուզենա իր հիշողությունից ջնջել?
   Ես- փաս...
   Շատ բան կջնջեի իմ հիշողությունից, չնայած միշտ ասում եմ, որ գոհ եմ իմ ապրած անգամ դժվար պահերից ու այն բոլոր բարդություններից, որոնք հաղթահարել ու կոփվել եմ: Կջնջեի իմ կորուստները: Կջնջեի իմ վիրավորանքները: Կջնջեի ոմանց...
  Մի լավ ֆիլմ կա այս թեմայով. պաշտում եմ "The eternal sunshine of spotless mind"-ը: Որ պատահի, անպայման դիտեք, Ջիմ Քերին ու Քեյթ Ուինսլեթն էլ բավականին հաջող խաղ են ցուցադրում: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք "պարբերաբար" ջնջում են միմյանց իրենց հիշողություններից, իսկ վերջում...դիտեք, չեք փոշմանի...
   Բայց արդյոք, եթե հնարավորություն ունենայի, իրոք կնջեի ինչ-որ իրադարձություններ կամ ինչ-որ մարդկանց իմ հիշողությունից? Իսկ դուք դա կանեիք?
   Երևի մենք հենց այսպես ենք ստեղծված, որ ցանկանանք անել մի բան ու չկարողանանք, իսկ կարողանալու դեպքում էլ` չանենք: Ու միշտ մտածում ենք անհաս բաների մասին երազանքով, ու ինքներս ենք սահմանում դրանց` հասանելի կամ անհաս լինելը: Ու հաճախ ցանկանում ենք ավելին, ու անում ենք նվազագույնը` անկեղծ հավատալով որ դա մեր հնարավորությունների առավելագույնն է.
  Եթե ես հնարավորություն ունենայի, ես կջնջեի այսօրվա խոսակցությունը ու դրանից հետո ինձ անհանգստացնեղ մտքերը իմ հիշողությունից...կամ չէի ջնջի..չգիտեմ...դուք հաստատ գիտեք?,....

09.02.2011

Այնուամենայնիվ, դառը ճշմարտություն, այլ ոչ թե քաղցր սուտ

   Երբ ստիպված եմ ընտրություն կատարել դառը ճշմարտության և քաղցր ստի միջև այն եմ զգում, երբ ընտրություն եմ կատարում էմփիրեյական ու բյութիֆայական ռոքի ու հայկական ավանդական ռաբիզի միջև. այսինքն` ընտրությունը վաղուց կատարել եմ, այն է` նախընտրում եմ երկու պարագայում էլ առաջինը, բայց ստիպված եմ ընդունել, ասեմ ավելին` համակերպվել երկրորդին: Հետո էլ ասում եմ, թե ամեն մարդ ինքն է ընտրում իր ճիշտն ու սխալը: Բայց դե մարդն էլ հասարակական էակ է, և ստիպված է հաշվի նստել մյուսների հետ, մյուսներն էլ հաճախ ճիշտ ուղին թողած սխալի հետևից են վազում:
  Ու ինչի եմ ես բախվում արդյունքում? Կա երկու փաստ. սիրում եմ, ընդունում եմ, ճիշտ եմ համարում մեկը, բայց ճար չունեմ, միշտ չէ, որ ես եմ որոշում իմ` սեփական սկզբունքերին հետևելը: Ու այնքան ցավալի է դա ընդունելը: Ու այնքան եմ ուզում մի պահ բարձր սուլել ու ասել. "ՄԱՐԴԻԿ, ՍԹԱՓՎԵՔ, ՄԻ ԽԱԲԵՔ ԻՐԱՐ, և վերջիվերջո, ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՔ": Ու ինձ ոչ ոք չի կանգնեցնի....բացի ինձանից,,իսկ ես միշտ ինքս ինձ սանձում եմ...որ հասարակությունն ինձ ընդունի...մարդը հասարակական էակ է...

02.02.2011

Թող` քեզ համար նվագեմ այսօր

 Այսօր ուզում եմ քեզ մի նվագ նվիրել, բայց չգիտեմ` որ գործիքն ես նախընտրում լսել:
 Ես դաշնամուրով քեզ կարող եմ վամպիրյան սագայից իմ սիրելի "Օրորոցայինը" նվագել, կամ կարող եմ կիթառը վերցնել ու քեզ համար ընթացքում հեղինակային երգ գրել հախվերդյանական ոճով, ու գիտեմ, որ դու կսիրես այդ երգը:
 Կամ կարող եմ հարվածային գործիքներով իմ խանդը որոտացնել, որ հասկանաս, թե ինչքան եմ քեզ խանդում, ու հետևաբար նաև սիրում:
 Կամ կարող եմ ջութակի լալկան ու մեղմ հնչյուններով քեզանից ներողություն խնդրել երեկվա հիմար արարքիս համար:
 Կամ սաքսաֆոնով կնվագեմ քեզ համար ամենագրավիչ ռոմանտիկ երաժշտությունը, որը քեզ կխենթացնի և մագնիսի նման կձգի դեպի ինձ:
    Եվ, վերջիվերջո, կարող եմ նվագել աչքերիդ վրա ... իմ աչքերով, ու դու կլսես գոյություն ունեցող և դեռ չստեղծված բոլոր երաժշտական գործիքների կատաղած և խաղաղված, մեղանչող և ներողություն հայցող, բղավող և աղաչող նվագները միաժամանակ , ու կհասկանաս իմ հոգու երգը, ու կնվագակցես ինձ: Ուզում եմ քեզ համար նվագել այսօր: Թող, որ քեզ համար նվագեմ այսօր: Նայիր աչքերիս, սիրելիս:

01.02.2011

Դու այդպես էլ ներել չսովորեցիր

   Ես քեզ շատ բան եմ սովորեցրել...Դու ինձ հետ սովորեցիր սեփական "ես"-ը երբեմն մի կողմ դնել ու առաջնահերթությունը տալ այն մարդու "ես"-ին, ով քեզ համար ոչինչ չի խնայի, դու ինձ հետ սովորեցիր լսել այն, ինչ չեն ասում, այլ միայն մտածում են,  դու ինձ հետ սովորեցիր գիշերը ոչ թե պաթետիկ, բայց ոչինչ չարտահայտող հայացքով լուսնին նայել,. այլ ցերեկը արևին նայելով կուրանալ ու տեսնել սեփական ստվերը արևի վրա, մենք միասին շատ երջանիկ ու տխուր պահեր ենք ապրել, ես քեզ ներել եմ, ես քեզ սիրել եմ, սիրել եմ, ու հետո միայն սիրահարվել...գիտեմ, որ դու էլ...իսկական պլատոնական սեր էր հա, տես է...
   Իսկ հիմա ես անտարբեր եմ...չեմ էլ ափսոսում, չեմ կարոտում, չեմ հիշում, բայց այնպես է ստացվում, որ դու հայտնվում ես, երբ ես դա ամենաքիչն եմ ուզում, ու դա հաճախ է լինում...Ինչու են մեր ուղիներն առնչվում? Ես չեմ ուզում քեզ հետ երբևէ գործ ունենալ, չէ անկեղծ, բայց դու ամենուր ես, այ հիմա, ես գրում եմ քեզ, քո մասին, քեզ համար, ու գիտեմ, որ երբեք չես կարդալու:
  Ախր ես քեզանից շատ բան չեմ խնդրում: ուղղակի խնդրում եմ, չէ, խնդրելու ժամանակն անցել է, պահանջում եմ ներել մեզ, ու այն, որ մենք մեր սեփական ձեռքերով "սատկացրինք" այն գեղեցիկը, որ ունեինք: ես ներել եմ, գիտես? Տաօրինակ է, բայց ներել եմ քեզ, ներել եմ անգամ ինքս ինձ, ու ամենակարևորը` ներել եմ մեզ: Մենք տարբեր էինք, երբ միասին չէինք, բայց նույնանում էինք իրար կողքի:
   Դու ինձ ցավ ես պատճառել, բայց դու ավելի դժվար ես հաղթահարում մեր հիմարության պատճառով ստեղծված բարդությունները: Ես ցավում էի քեզ համար, երբ իմացա, որ շատ հարցերում հաջողությունը երես է թեքել քեզանից, բայց չզարմացա. այդպես էլ պիտի լիներ:
   Մեր պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես չէի ուզում,ու ավարտվեց այն ժամանակ, երբ դու չէիր ուզում: Դու այլ մարդ էիր, երբ իմ կողքին էիր: ես սիրում էի այդ մեկին: Քեզ ես երբեք չեմ սիրել:
   Հիմա սպառվում է համբերությունս, չեմ հանդուրժում քեզ իմ օդում, գնա, թող ինձ, մի հիշեցրու ինձ իմ անցյալը, որը դու ես եղել, ես չեմ սիրում այդ անցյալս, կարող եմ առվելագույնը` չատել ու հարգել:
  Ուղղակի ուզում եմ մեկ վերջին անգամ էլ ներել քեզ ու պահանջել նույնը. երբ դու ներես, հավանաբար ես էլ իսկապես քեզ ներեմ, թե չէ ասում եմ, ասում...բայց ձեռս ընկնես, կսպանեմ...Ես այդպես էլ ներել չսովորեցի...

 
 

Ու ես դնում եմ իմ դիմակը

Այս անգամ իմ ամենասիրելի դիմակն եմ դնում, այն դիմակը, որով դուք ինձ հաճախ տեսնում եք, այն դիմակը, որով ես բոլորիդ սիրում եմ ու կարծես չեմ հասկանում, երբ ինձ խաբում ու դավաճանում եք, որով միայն ժպտում եմ, երբեք չեմ տխրում ու միշտ բոլորիդ հույս եմ տալիս` թե կյանքն արդար ա, ու իբր ամեն ինչ լավ կլինի:
Այդ դիմակը սիրում եմ, որովհետև ինձ ամենաշատը սիրում եք, երբ այդ դիմակով եմ, կամ հենց դիմակն եք սիրում, այլ ոչ ինձ:  Դուք բոլորդ էլ նույն տեսակին եք պատկանում. ասում եք, որ ամենից շատ գնահատում եք մարդու անկեղծ լինելը, բայց բանը գործին է հասնում, ու դառնում եո անհասկացող, սիրում եք անկեղծությունն ու պատրաստ չեք դա ընդունել, ուր մնաց թե գնահատել: Դուք սիրում եք, երբ փեզ խաբում են, ասում են այն, ինչ դուք եք ուզում լսել, ու բնավ էլ կարևոր չէ, թե որքանով է դա մոտ իրականությանը:
Սիրում եք, երբ ձեզ լսում եմ ու խորհուրդներ տալիս, չնայած երբեք, երբեք չեք հետևում իմ խորհրդին, եթե իհարկե ինքներդ էլ դա չէիք որոշել վաղուց:
Սիրում եք, երբ ես կրում եմ ձեր սիրելի դիմակն ու ժպտում ձեր հիմար կատակների վրա, ընդունում ձեր ներողություններն ու կատարում խնդրանք-առաջադրանքները: Երբ այդ դիմակով եմ, ձեզ հաջողվում է ինձ սեփական խղճի գերին դարձնել:
Ինչու եք ասում, թե բարի ու վեհանձն լինելը գովելի է, երբ փախչում եք ներողամիտ ու զիջող, ինքնաբավ ու աշխատասեր մարդկանցից:
Դուք հասկանում եք, որ մարդկանց չեք տեսնում, այլ միայն դիմակներ. դիմակներ, որովհետև դիմակներ եք կրում նաև դուք` բոլորդ, բոլորդ դիմանկերով եք, ու ձեր հետ շփվելու համար ես էլ պարտադիր պիտի դնեմ դիմակս:
Եվ ահա հանձնվում եմ: Ահա դնում եմ ես էլ մի դիմակ: Այս դիմակը ձեր ամենասիրելի դիմակն է: Ուրեմն նաև իմ ամենասիրոլի դիմակը կդառնա:

26.01.2011

Anticipation of St. Valentine's Day

Սիրում եմ, երբ ժամանակը տնօրինելու համար ժամանակ կա

Սիրում եմ, երբ առավոտյան ոչ թե կատվածահար, սարսափահար և դիվահար և -հար և -հար վեր ենք թռնում սիրելի, բայց մի քանի օր զարթուցիչի երգ ծառայելուց հետո զզվելի դարձած նվագից, այլ ժպիտով, դանդաղ բացում ենք աչքերը, հասկանում, որ եթե հենց հիմա չանջատենք նվագը, հաստատ քնած չենք մնա ու չենք ուշանա, հետո վայելելով ամեն պահը վեր ենք կենում, հագնվում, լոգանք ընդունում ու չենք շտապում խոհանոց` մի գավաթ կիսասառը մակը ներս լցնելու համար, այլ ճանապարհին լրիվ գիտակցելով անելիքը` միացնում ենք երաժշտական կենտրոնը, դնում մեր սիրած սկավառակը, և միացնում թեյնիկը. այնքան ժամանակ կա, որ կարելի է անգամ նախաճաշ պատրաստել և վայելել այն սուրճի և հյութի, նախընտրելի է` կարմիր նարնջի հյութի ուղեկցությամբ:

Իսկ տանից դուրս գալուց առաջ էլ ժամանակ կա ոչ միայն հայելու մեջ մի լավ նայելու, այլև անգամ հայելու միջի մարդուն մի երկու ժպիտ նվիրելու և մի երկու գրամ դեկորատիվ կոսմետիկայով զարդարելու համար:

Բայց ամենամեծ հաճույքը ոչ թե վազելով շնչակտուր կանգառ չհասած, ճանապարհից վարորդ-ձյաձյային խեղճ հայացքով զինաթափ անելով  երթուղային ճղտվելն, այլ օրինապահ երիտասարդների սկզբունքով փողոցն անցնելուց հետո կանգառում ոչ թե դատարկ երթուղայինի, այլ ավտոբուսի, իսկ իդեալական տարբերակում` տրոլեյբուսի սպասելն է: Ու այդ պահերին է, որ նայում ես շուրջդ, նկատում մարդկանց տխուր ու մտազբաղ, բայց և միաժամանակ ոչինչ չարտահայտող հայացքները, որոնք մտքի խորքում հայհոյում են ՀՀ Տրանսպորտի նախարարությանը, ու զգում ես, որ "դե հավես ա էլի, որ ժամանակ ունես":

Էլ չեմ ասում այն բերկրանքի մասին, որ համակում է քեզ, երբ ժամանակից դեռ մի 2 րոպե էլ շուտ ես հասնում, շփվում ընկերներիդ հետ, ու առանց շտապելու էլ վերջում զբոսնելով գնում ես տուն:

Բայց ժամանակը հազվադեպ է բավարարում մեզ:
Բայց ժամանակը երբեք շատ չի լինում:

Սիրում եմ, երբ ժամանակ կա ժամանակի մասին մտածելու և այն ճիշտ կիրառելու համար: