20.10.2012

Սիրելիներին ազատություն տալու մասին

 Վերջերս նկատել եմ, թե որքան կարևոր է թույլ տալ, որ մեր սիրելիները անեն այն, ինչ իրենք են ուզում: Եթե մի փոքր ուշադիր լինենք, կնկատենք, թե որքան շատ ենք մենք փորձում ղեկավարել, ուղղորդել մեր սիրելիներին: Ուզում ենք, որ այն անեն, ինչ ըստ մեզ ճիշտ է. չէ որ մենք մեր սիրելիների լավն ենք ուզում, չէ որ մենք ուզում ենք, որ իրենք իրենց լավ զգան...
  Ճիշտ են ասում, որ երբ ազատություն ենք տալիս, նրանք ում մենք պետք ենք, գալիս ու ամրանում են մեր կողքին: Ազատությունից թանկ բան չկա: Սիրելիներին կամքի, ցանկությունների ու գործողությունների հարցում ազատություն տալը շատ ավելի դժվար է, քան հնչում է, ու շատ ավելի մեծ սեր ու համբերություն է պահանջում: 
Երբ ազատություն ենք տալիս, մենք մեզ պակաս պատասխանատու ու ավելի ուժեղ ենք զգում: Ու սիրելին, լինի դա ծնող թե սիրեցյալ, կգնահատի մեր այդ "զոհողությունը" ու կհավաստիացնի, որ վտահությունը ստուգելու այս տարբերակն այնքան էլ վատը չի` իհարկե ճիշտը պարզելու համար:

17.10.2012

Ամենքին` իրենը

Պատահում է տրանսպորտով երթևեկում ենք, մեկ էլ խցանում է հանդիպում: Ու մենք ամեն կերպ ուզում ենք տեսնել դա, պառզել, թե ինչ է տեղի ունեցել, մեր կարծիքն ասել, միգուցե միջամտել, բայց ինչու: Պիտի հետաքրքրվենք միայն նրանով, ինչ մեզ վերաբերում է, ինչ մեզ համար է նախատեսված, ինչի հասցեատերն ենք մենք:

14.10.2012

Տկարը

...Իմ տկար ծանոթուհին է նա:
   Նա այնքան բացասական լիցքեր է փոխանցում բոլորին, որ մարդիկ հաճախ պարզապես խույս են տալիս նրա հետ որևէ կերպ առնչվելուց: Իսկ ես գիտեմ, թե նա ինչու է այդպիսին:
   Նա սիրում է ծաղրել այլ մարդկանց, սիրում է քմծիծաղ տալ, սիրում է կոպտել` պաշտպանելով իր փխրուն "ես"-ը ուրիշ "ես"-երի հնարավոր հարվածներից:
   Նա սիրում է գաղտնիքներ ունենալ, դրանք պինդ-պինդ փայփայել, ու նրա մտքով անգամ չի անցնում, որ դրանք գրված են իր ճակատին, իր աչքերում: Համենային դեպս` ես դա առանց ակնոցի էլ եմ կարդում:
   Իսկ այն լարվածությունը, որ կա նրա շուրջ, անգամ տեսանելի է:
   Ախր խեղճն ընդամենը ուշադրություն ու ջերմություն է մուրում, ուշադրություն ու ջերմություն, որոնց կարիքն ունի ու որը ինչ-ինչ պատճառներով չի ստանում: Նա բղավում է իր տկարության մասին, իսկ հասարակությունը նրան պարզապես որպես կոպիտ ու գոռոզ է որակավորում:
   Սիմպտոմների նկարագրությունից հետո հիվանությունն ախտորոշելը բարդ գործ չէ. նա պարզապես տկար է:
   Ուզում եմ, որ այնքան ներքին ուժ ունենա, որ ոչ թե վիրավորի, այլ հաճոյախոսություն անի, ոչ թե կոպտի, այլ մեղմի լարվածությունը, ոչ թե չարանա, այլ ների:
   Բոլորս էլ երբեմն տկարանում ենք, ու կյանքը բարդ է ընկալվում, ու մարդիկ` նենգամիտ: Երբեմն, քիչ չափաբաժնով տկարանալն անգամ շատ օգտակար է: Չէ որ որքան էլ բանալ չհնչի, եթե չլինի խավարը, չի գնահատվի լույսը:
   Առողջություն տկարներին: