Լենին պապին հորդորում էր «Учиться, учиться, учиться», հայտնի ասացվածքն ասում է «Учиться никогда не поздно», իսկ մենք` երիտասարդներս շարունակում ենք համալսարանը համարել պարտադիր այցելության վայր` հաճախ մոռանալով այցի սկզբնական և ամենակարևոր նպատակի մասին:
Ինչպես գիտենք, կրթությունը կարևոր է որպես մասնագետ կայանալու համար: Բայց միայն ուսումնական պլանի առարկաները յուրացնելով` լավ մասնագետ չես դառնա:
Պետք է սովորես սովորել ուսյալներից:
Պետք է կարողանաս օգտվել ճիշտ աղբյուրներից:
Պետք է կարողանաս փոխառել ոլորտում հաստատվածների փորձը, նույնն է, թե սովորես իրենց սովորածը սովորել:
Սովորելը միշտ մեծ պատիվ է եղել բանիմաց մարդկանց համար: Հնուց ի վեր գրաճանաչությունը մեծ առավելություն է եղել: Եվ այսօր, երբ մարդիկ դրա հանարավորությունն ունեն, բոլորն են տառաճանաչ: Հատուկ ծրագրավորված մեր հասարակությունում ծնողները գիտեն, որ երբ իրենց զավակը բոլորի իր 5 տարին, պիտի սկսեն հարմար դպրոց գտնեն, ուր պարտաճանաչ կամ ոչ այնքան 12 տարի շարունակ հաճախելուց հետո իրենց` արդեն միջնակարգ կրթություն ստացած դեռահաս-երեխան պետք է բուհ ընդունվի: Դա պարտադիր է: Այլ կերպ էլ ո՞նց: Իսկ բուհը սիրելով թե ոչ այնքան ավարտելուց և գիտելիքների շտեմարանը հարստացնելուց կամ նույն ծավալով թողնելուց հետո արդեն «տեսնենք` ոնց էրեխեն կուզի»:
Այսինքն` սկզբունքորեն ցանկալի է գիտնական-զավակ ունենալը, բայց դե «էդքան սովորե՞լ կլնի»: Իհարկե` ոչ: Հետո «երեխա»- յին ձերդ գերազանցություն ԽԾԲ-ն կտեղաորի «նորմալ գործի» ու նա կսկսի փող վաստակել, օրինակ` որպես վարկային բաժնի մասնագետ աշխատելով` բազային բանասիրական կրթության «նախապայմանով», անգլերենի և համակարգչի լավ իմացությամբ: Դե իհրակե:
Իսկ, ասենք, այնպիսի մանրուքնե՞ր, ինչպիսիք են զանազան սեմինարներն ու թրեյնինգները, որոնք, բարեբախտաբար, ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում մեր փոքրիկ պետության մեծ մասանգետների համար:
Չէ´, դա անբանների գործն է. ազատ ժամանակ ունեն, թող գնան «մարդամեջ», շփվեն...
Իսկ այն, որ երթուղայինում քեզ իր հայացքով տեղդ պապիկին զիջել հորդորող տիկինը կարող է քեզ կրթել, քանիսի՞ մտքով է անցել:
Քանի՞սն են գիտակցել, որ երբ իրենց փոքրիկ եղբոր հետ խանութ են մտնում ու տեսնում են կաթնամթերքի բաժնի հերթը, ու ոչ թե «Նազիկ տոտային» խնդրում են իրեն շտապ «մի հատ սմետան» տալ (կարծես աշխարհը դադարել է պտտվել, ու միայն թթվասերի հրատապ առաքման դեպքում կշարժվի տեղից) , այլ լուռ գալիս կանգնում է բոլորից հետո և համբերատար սպասում են իրենց հերթին, կրթում են իրենց փոքր եղբորը:
Կրթելը միայն ուսումնական հաստատությունների մենաշնորհը չէ: