Սիրում եմ, երբ առավոտյան ոչ թե կատվածահար, սարսափահար և դիվահար և -հար և -հար վեր ենք թռնում սիրելի, բայց մի քանի օր զարթուցիչի երգ ծառայելուց հետո զզվելի դարձած նվագից, այլ ժպիտով, դանդաղ բացում ենք աչքերը, հասկանում, որ եթե հենց հիմա չանջատենք նվագը, հաստատ քնած չենք մնա ու չենք ուշանա, հետո վայելելով ամեն պահը վեր ենք կենում, հագնվում, լոգանք ընդունում ու չենք շտապում խոհանոց` մի գավաթ կիսասառը մակը ներս լցնելու համար, այլ ճանապարհին լրիվ գիտակցելով անելիքը` միացնում ենք երաժշտական կենտրոնը, դնում մեր սիրած սկավառակը, և միացնում թեյնիկը. այնքան ժամանակ կա, որ կարելի է անգամ նախաճաշ պատրաստել և վայելել այն սուրճի և հյութի, նախընտրելի է` կարմիր նարնջի հյութի ուղեկցությամբ:
Իսկ տանից դուրս գալուց առաջ էլ ժամանակ կա ոչ միայն հայելու մեջ մի լավ նայելու, այլև անգամ հայելու միջի մարդուն մի երկու ժպիտ նվիրելու և մի երկու գրամ դեկորատիվ կոսմետիկայով զարդարելու համար:
Բայց ամենամեծ հաճույքը ոչ թե վազելով շնչակտուր կանգառ չհասած, ճանապարհից վարորդ-ձյաձյային խեղճ հայացքով զինաթափ անելով երթուղային ճղտվելն, այլ օրինապահ երիտասարդների սկզբունքով փողոցն անցնելուց հետո կանգառում ոչ թե դատարկ երթուղայինի, այլ ավտոբուսի, իսկ իդեալական տարբերակում` տրոլեյբուսի սպասելն է: Ու այդ պահերին է, որ նայում ես շուրջդ, նկատում մարդկանց տխուր ու մտազբաղ, բայց և միաժամանակ ոչինչ չարտահայտող հայացքները, որոնք մտքի խորքում հայհոյում են ՀՀ Տրանսպորտի նախարարությանը, ու զգում ես, որ "դե հավես ա էլի, որ ժամանակ ունես":
Էլ չեմ ասում այն բերկրանքի մասին, որ համակում է քեզ, երբ ժամանակից դեռ մի 2 րոպե էլ շուտ ես հասնում, շփվում ընկերներիդ հետ, ու առանց շտապելու էլ վերջում զբոսնելով գնում ես տուն:
Բայց ժամանակը հազվադեպ է բավարարում մեզ:
Բայց ժամանակը երբեք շատ չի լինում:
Սիրում եմ, երբ ժամանակ կա ժամանակի մասին մտածելու և այն ճիշտ կիրառելու համար:
Ժամանակ... Ուղղակի պետքա աշխատենք շատ լուրջ վերաբերվել դրան ու հասկանանք ինչի վրա ենք ժամանակ ծախսում ու պիտի փոխվենք, որ ժամանակը "ճիշտ" օգտագործենք:
ОтветитьУдалитьճիշտ ես: ոնց որ մոտս սկսում ա ստացվել
ОтветитьУдалить