02.11.2012

Մի բանի վրա շատ չկենտրոնանալու մասին

Երբ մի բան ենք ուզում, սենց հոգով-սրտով ուզում ենք,պ իտի շատ չբևեռվենք այդ գաղափարի շուրջ: Երբ մի բանի վրա շատ ենք կենտրոնանում, դադարում ենք նկատել մնացյալը, միայն ու միայն մեր նպատակի համար ենք ապրում, ու կյանքի հավասարակշռությունը խախտվում է, ամեն ինչ խառնվում է իրար, մեզ մոտ առաջանում է անարդարացված վատնումի զգացում:
Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, ինձ մոտ այսպես է. ես մի բան շատ եմ ուզում, հետո ավելի շատ, հետո չեմ ուզում, հետո շատ-շատ-շատ եմ ուզում, հետո այն անհասանելի է դառնում, անիրականանալի: Ու ես դադարում եմ դա ուզենալ: Ու ձեռք եմ բերում դա:
Հենց դադարում եմ բևեռվել դրա վրա, այն ինքն է բևեռվում իվ ուղղությամբ, գալիս ու ընկնում ձեռքս:
Պետք է ուշադրությունը հավասարաչափ բաշխել բոլոր կարևոր հարցերի վրա, ու չափից շատ չսատարել մեկը, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պիտի լինի: 
Some things are meant to be...

01.11.2012

Ծամոնը

Վերցնում եմ մոխիտոյի համով ծամոնի տուփը ու միջից երեք կտոր գցում բերանս, ու սկսում ինտենսիվ ծամել:
Իհարկե, երեք մի քիչ շատ են իմ` ոչ լեննականցու բերանի համար, բայց ես չեմ հանձնվում:
Լնդերս, այտերս, ատամներս ցավում են, բայց ես շարունակում եմ դիմադրել:
Ահա փափկեց, ու ես հաղթեցի:
Ծամում եմ ինտենսիվ, շատ ուժեղ սեղմելով, վրեժ լուծելով:
Ու ես` հիմարս, չեմ հասկանում, որ ծամոնը մեղավոր չի: Ծամոնը մեղք չունի: Ծամոնը պատասխանատու չի իմ ու նրա հիմար բնավորության համար, մեղք չունի, որ մենք իրար տանջելուց, իրար ցավեցնելուց հաճույք ենք ստանում, հաջույք, նման այն հաջույքին, որ ստանում ենք կոպիտ ծամոնի մի քանի կտոր փափկեցնելուց:
Ծամոնը մեղք չունի:
Մենք ենք մեղավոր:

26.10.2012

Նա

Նա սիրում է կյանքը...շատ-շատ: Ներում է հեշտ ու մոռանում արագ: Նա սիրում է քայլել, սիրում է Ջեյսոն Մրազի ու Պալոմա Ֆեյթի երգերը, ոգեշնչվում է Ջիմ Քերիի պոզիտիվիզմով ու թեթևությամբ: Նրան բնորոշ է մանրուքների վրա ուշադրություն դարձնելը, երբ դա անսպասելի է, ու կարևոր բաներ անտեսելը, երբ դա անհնար է թվում:
Չի հավատում պատահականությունների:
Նա կարող է երկար հանգել մի եզրակացության, որն ինքն իսկ ոչ ճշմարիտ կապացուցի առաջին անհրաժեշտության դեպքում:
Նա սիրում է նվիրվել` գաղափարների, մարդկանց:
Նա սիրում է սիրել, շատ է սիրում սիրվել: Շատ ինքնաբավ է: Ունի շատ զարգացած ինտուիցիա` վախենալու չափ դիպուկ:
Նա հավատում է: Հավատում է Աստծուն, հավատում է կյանքի արդարությանը, հավատում է բարու հաղթանակին, հավատում է մարդկանց:
Նա չի սիրում հիասթափվել, բայց շատ հաճախ է այդ զգացումն ապրում:
Նա սիրում է շոկոլադե ռոտբուշ ու ոգելից խմիչք, սիրում է կաթնամթերք ու շոկոլադ: Նա չի սիրում կաղապարում ու սահմանափակումներ:
Սիրում է վերանալ գրքերում, որոնց ընթերցանությունը երբեք ավարտին չի հասցնում:
Նա սիրում է երաժշտությունը, սիրում էր ժամեր վատնել ֆեյսբուքում, սիրում է կտրուկ քայլեր անել: Սիրում է ապացուցել: Խոստումներ է տալիս, որ հետո կատարի:
Սիրում է ջուրն իր բոլոր դրսևորումներում, պաշտում է լողավազան այցելել և բնության հոտը վայելել` ցանկալի է ականջակալների ուղեկցությամբ:
Սիրում է սնվել դրսում, թեյել բացօդյա սրճարաններում: Սիրում է սուրճով կամ կակաոյով լի թղթե բաժակը ձեռքին քայլել փողոցում:
Նա սիրում է հնարել, սիրում է ապրել իր հնարած աշխարհում, չէ...աշխարհներում:
Նա անպայման կհասնի իր ուզածին, քանի որ իր ուզածն այն է, ինր իրենն է:
Նա երբեմն չի սխալվում, նվիրվում է անմնացորդ ու կոպտում սիրելիներին:
Նա թանկ է ինձ համար, ես սիրում եմ նրան, նրա մեջ է իմ կյանքն ու մահը:
Նա ես եմ:

20.10.2012

Սիրելիներին ազատություն տալու մասին

 Վերջերս նկատել եմ, թե որքան կարևոր է թույլ տալ, որ մեր սիրելիները անեն այն, ինչ իրենք են ուզում: Եթե մի փոքր ուշադիր լինենք, կնկատենք, թե որքան շատ ենք մենք փորձում ղեկավարել, ուղղորդել մեր սիրելիներին: Ուզում ենք, որ այն անեն, ինչ ըստ մեզ ճիշտ է. չէ որ մենք մեր սիրելիների լավն ենք ուզում, չէ որ մենք ուզում ենք, որ իրենք իրենց լավ զգան...
  Ճիշտ են ասում, որ երբ ազատություն ենք տալիս, նրանք ում մենք պետք ենք, գալիս ու ամրանում են մեր կողքին: Ազատությունից թանկ բան չկա: Սիրելիներին կամքի, ցանկությունների ու գործողությունների հարցում ազատություն տալը շատ ավելի դժվար է, քան հնչում է, ու շատ ավելի մեծ սեր ու համբերություն է պահանջում: 
Երբ ազատություն ենք տալիս, մենք մեզ պակաս պատասխանատու ու ավելի ուժեղ ենք զգում: Ու սիրելին, լինի դա ծնող թե սիրեցյալ, կգնահատի մեր այդ "զոհողությունը" ու կհավաստիացնի, որ վտահությունը ստուգելու այս տարբերակն այնքան էլ վատը չի` իհարկե ճիշտը պարզելու համար:

17.10.2012

Ամենքին` իրենը

Պատահում է տրանսպորտով երթևեկում ենք, մեկ էլ խցանում է հանդիպում: Ու մենք ամեն կերպ ուզում ենք տեսնել դա, պառզել, թե ինչ է տեղի ունեցել, մեր կարծիքն ասել, միգուցե միջամտել, բայց ինչու: Պիտի հետաքրքրվենք միայն նրանով, ինչ մեզ վերաբերում է, ինչ մեզ համար է նախատեսված, ինչի հասցեատերն ենք մենք:

14.10.2012

Տկարը

...Իմ տկար ծանոթուհին է նա:
   Նա այնքան բացասական լիցքեր է փոխանցում բոլորին, որ մարդիկ հաճախ պարզապես խույս են տալիս նրա հետ որևէ կերպ առնչվելուց: Իսկ ես գիտեմ, թե նա ինչու է այդպիսին:
   Նա սիրում է ծաղրել այլ մարդկանց, սիրում է քմծիծաղ տալ, սիրում է կոպտել` պաշտպանելով իր փխրուն "ես"-ը ուրիշ "ես"-երի հնարավոր հարվածներից:
   Նա սիրում է գաղտնիքներ ունենալ, դրանք պինդ-պինդ փայփայել, ու նրա մտքով անգամ չի անցնում, որ դրանք գրված են իր ճակատին, իր աչքերում: Համենային դեպս` ես դա առանց ակնոցի էլ եմ կարդում:
   Իսկ այն լարվածությունը, որ կա նրա շուրջ, անգամ տեսանելի է:
   Ախր խեղճն ընդամենը ուշադրություն ու ջերմություն է մուրում, ուշադրություն ու ջերմություն, որոնց կարիքն ունի ու որը ինչ-ինչ պատճառներով չի ստանում: Նա բղավում է իր տկարության մասին, իսկ հասարակությունը նրան պարզապես որպես կոպիտ ու գոռոզ է որակավորում:
   Սիմպտոմների նկարագրությունից հետո հիվանությունն ախտորոշելը բարդ գործ չէ. նա պարզապես տկար է:
   Ուզում եմ, որ այնքան ներքին ուժ ունենա, որ ոչ թե վիրավորի, այլ հաճոյախոսություն անի, ոչ թե կոպտի, այլ մեղմի լարվածությունը, ոչ թե չարանա, այլ ների:
   Բոլորս էլ երբեմն տկարանում ենք, ու կյանքը բարդ է ընկալվում, ու մարդիկ` նենգամիտ: Երբեմն, քիչ չափաբաժնով տկարանալն անգամ շատ օգտակար է: Չէ որ որքան էլ բանալ չհնչի, եթե չլինի խավարը, չի գնահատվի լույսը:
   Առողջություն տկարներին:

02.09.2012

Ճիշտ աղբյուրների մասին

   Միշտ ասել եմ, որ ամենակարևոր բանը, որ բուհն ինձ սովորեցրեց, ճիշտ աղբյուրներից օգտվելն է: Կարևոր է իմանալ, թե որ գրքից, ու կայքից ու որ անձից կարող ես ստանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է քեզ:   
     Հույզն էլ է տեղեկատվություն:
   Սովորենք օգտվել ճիշտ աղբյուրներից. ճիշտ մարդկանցից ստանանք այն հույզերը, որոնց կարիքն այդ պահին ունի մեր ներաշխարհը: Սա երջանկության գաղտնիքներից մեկն է, թերևս:  Բնավ խորհուրդ չեմ տալիս օգտագործել շրջապատի մարդկանց մեր ներքին կարիքները բավարարելու համար. վստահ եղեք, եթե դիմացինը չուզեցավ, երբեք չի տա ձեզ այն, ինչ փորձում եք վերցնել: Միշտ առկա է լուռ փոխհամաձայնությունը, որի մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց ցանկալի է դա նկատել, գիտակցել ու գնահատել:
      Չմոռանանք նաև, որ մեր հույզերը մեր ընտրությունն են: Շրջակա միջավայրն, իհարկե, շռայլորեն հույզերի տեսքով տեղեկտվություն է տարածում, սակայն մինչև մենք պատրաստ չլինեն և չուզենանք, չենք թողնի, որ դա անդրադառնա մեզ վրա, չենք ընկալի այն: Ուղղակի սա ենթագիտակցորեն է տեղի ունենում: Քչերն են կառավարում գործընթացը: Եվ, ցավոք:
Леонид Афремов- Босая девочка
   Լցրեք ձեզ լավագույն հույզերով, և դրա համար օգտագործեք ճիշտ աղբյուրներ` համապատասխան մարդկանց: Չէ որ ոչինչ այնքան հանգստություն ու ոգևորություն չի բերում, որքան բավարարված ու ներդաշնակ "ներսը":
    Ու մի մոռացեք, միշտ էլ գործում է փոխադարձության փիլիսոփայությունս. որքան վերցնում եք, ճիշտ այդքան պիտի տաք: