16.08.2013

Կա այլընտրանք

   Անելանելի իրավիճակ չկա..չհամոզեք ինձ..չկա:
   Կարող ես նստել ու փնթփնթալ, կարող ես ուղղակի երլքը տեսնել, ու զարմանքով ընդունել, որ ելքը մեկը չի: Ելքեր միշտ շատ կան: Մենք ընտրում ենք:
 Չեք համոզի ինձ... երբեք, որ մարդ իր կամքին հակառակ մի բան կանի...երբեք..մենք չափազանց եսասեր ենք դրա համար: Ուրիշ բան է չընդունելը, երբ խիզախ չենք կամ մեզ դերասան ենք ձևացնում:
  Ելքը գտնել պետք չի, այն տեսնել է պետք, ինչպես ստեղծագործ լինելու համար մտածել պետք չի, ոնց ընկերներիցս մեկն էլ վերջերս գրել, կրեատիվ լինելը առանց մտածելու է, բնական վիճակ, սեփական ՞ես՞, տեսակ:
   
pic source: ssaoa.com
Կա այլընտրանք..ամեն ինչին..ամեն մեկին...խաղը այփադով ու բեմին է հաճելի, ուրիշ ոչ մի տեղ: Քաջ լինենք:

07.08.2013

Իմաստուն Նա

Երբեմն ինձ թվում է, որ ես եմ ուղղորդում մեր հարաբերությունները, բայց հետո, երբ խորն եմ մտածում, հասկանում եմ, որ ես անում եմ միայն ու միայն այն, ինչ դու ես թույլ տալիս: Որքան միամիտ եմ ես, երբ երբեմն մոլորվում ու հակառակին եմ հավատում: 
Դու փոխել ես իմ կյանքը: Ինձ ես փոխել:
Այսքան ուժեղ ու ինքնավստահ ես երբեք չեմ եղել:
Ես էլ քեզ եմ ուժ տալիս..ես հավատում եմ դրան: Ուզում եմ, որ ասես, բայց երբեք, երբեք չես խոստովանում: 
Դու ոչինչ էլ երբեք չեք խոստովանում:
Բայց երբեմն, երբեմն հազվադեպ,շատ հազվադեպ, երբ անկեղծանում ես, խոցելի ես դառնում, որովհետև մի այնպիսի նրբության ալիք է պատում քեզ, որ ես էլ եմ խուսափում այդքան թանկարժեք ու սպասված պահերից. վախենում եմ քեզ վախեցնել:
Ու ոնց բացատրեմ այն ներքին ջերմությունը, որը վստահ եմ, ներշնչել եմ ինձ, որ զգում եմ, երբ դու ինձ հետ ես մտքերով: Այ հիմա էլ եմ դա զգում: Ու գիտեմ, թե որտեղ ես: Ու գիտեմ, թե ինչ ես անում: Ու կարծում եմ, որ ինձ էլ ես հիշում. գիտես, որ ես կուզենայի կողքիդ լինել հիմա:
Ամեն անգամ, երբ քեզ ցտեսություն եմ ասում, տագնապով ու անհանգստությամբ լցված կարոտ եմ զգում: Կարոտ: Ես փաստորեն ունակ եմ կարոտել: Քեզ կարոտել:
Երբ մի գեղեցիկ բան եմ տեսնում կամ զգում, անպայման ուզում եմ կիսել դա քեզ հետ: Երևի հենց դա է սերը...Լինել հեռվում, ծովի մեջ լողալ ու երազել, որ դու էլ վայելես այդ բերկրանքը:
Երևի հենց դա է սերը, երբ քո զանգից հետո նայում եմ, թե քանի երջանիկ րոպե ավելացավ իմ կյանքում ու ձգտում եմ, որ քո զանգը միշտ վերջինը լինի, որ երբ բացեմ ցանկը, նկարդ տեսնեմ ու ուրախանամ:
Քեզ տեսնելը: Այդքան անհամբեր ոչնչի չեմ սպասում: Պլանավորում եմ, ու ամեն ինչ հակառակի պես անում: Որոշում եմ քիչ խոսել, հետևել քո խոսքին, հնչերանգին, ժեստերին, որ կարդացածս գրքերի հնարները կիրառեմ ու մի փոքր ավելին իմանամ իմ հանդեպ քո զգացմունքների մասին: Բայց չեմ կարողանում: Էլ ոնց կառավարեմ իմ խոսքն ու գործը, երբ դու կողքիս ես: Թույլ եմ, թույլ:
Երևի հենց դա է սերը. երբ ես մի բանից նեղվում եմ ու սկսում պատմություն սարքել, դու ուղղակի լուռ համբերում ես մինչև ամեն ինչ ասեմ ու անցնում ես առաջ, կարծես ուղղակի օրս էի պատմում: Իմաստուն ես երևի:
Միշտ ինձ խոցելի եմ զգում քո առաջ. երևի շատ եմ սիրում քեզ:
Ոնց կարողացար ինձ այսպես խեղճացնել է....
Ապագայի մեր պլաններն են ինձ ստիպում սպասել վաղվան, ու քանի դեռ այտերս այրվում են, ուզում եմ ապրել ու հոգուս խորքում վստահ կլինել, որ դա միմիայն քո՝ իմ հետ մտքով լինելու հետևանքն է: 

29.07.2013

Քո նկարագիրը

Դու իմ միակ, իմ սիրասուն, իմ շատ սպասված անակնկալ,
Իմ աչքերի, իմ մտքերի, իմ խոսքերի հասցեատեր,
Համբերատար ու սառնարյուն, միշտ կրվարառ ու պահանջկոտ,
Դու չլինեիր, ես չէի սուրա դեպի վերև, դեպի մեզ մոտ:

Ինձ սպառնացող, ահագնացող մի փոթորիկ՝ ուժեղ, սաստիկ,
Rainy kiss- Leonid Afremov
Քեզ ուժասպառ անող մի ուժ, ինձ հոգնեցնող համառութուն,
Ու չպարտվող, միշտ պայքարող մի լռություն այդքան խոսուն,
Մի զույգ աչքեր՝ վեհ ու փայլուն. այս ամենը քեզ է ներկում:

Դու մի կտոր միս ու արյուն, դու մի հզոր ուժ ու կորով,
Խենթ մոլեգնող փոթորկի պես վրա հասնող աղետ լինես,
Ես վախենամ, զգուշանամ, բայց, միևնույն է, զոհդ դառնամ,
Իսկ դու տխրես, ու ընդունես, թե հաղթողը ես էի մեր մեջ:

Ես հեռանամ, դու ինձ սպասես: Դու հեռանաս, ես կարոտեմ:
Լինես ինձ հետ օտարի պես ու հարազատ, ոնց որ երբեք:
Ամեն խոսքդ մտքիս համար դառնա վերմակ՝ փափուկ, թեթև
Աչքիդ փայլը սրտիս համար լինի մի մեծ ցնծության ծես:

Ես քեզ սիրեմ, դու չընդունես: Երբ դու սիրես, ես վախենամ:
Դու ինձ սպառնաս, զգուշացնես, չխոստանաս, ես հավատամ:
Դու միշտ լինես, ապրես, շնչես, քո ժպիտով հանգստանամ,
Եվ աշխարգը չհասկանա, մենք ով եղանք իրար համար:

Գողացված աղոթք

Ճամփա ենք ընկնում վաղ առավոտյան:
Երկար, շատ երկար տաս ժամ ու մենք մեր պապերի հողի վրա ենք: Առաջինն, ինչ զգում եմ, ահն է: Ամեն ինչ իմն է, ու ես օտար եմ: Ես հերթական այցելու եմ, զբոսաշրջիկ եմ, հյուր եմ գնացել...ինքս ինձ:
Քաղաքի անմիջապես կենտրոնում վեր են խոյանում երկու ահռելի մեծ շինություններ.կողք կողքի կպարտ կանգնած են թուրքական մզկիթն ու իր կամքին հաքկառակ դավանափոխ արված ու դեռ ավելի հպարտ, կարծես տեսածի ազդեցությունից ավելի մուգ մոխրագույն ու մռայլ դարձած հայկական եկեղեցին: Տեսնում եմ թե չէ մտածում եմ՝ տեսնես կկարողանանք ներս մտնել: Կարող էինք, բայց մի պայմանով՝ ոտաբոբիկ ու գլխաշորով:
Մտնում եմ ներս....չեմ հասցնում աչքերս վերև հառել ու զննել հայկական որմնանկարները, որ վախից թաքնվել են կարմիր գորգերի հետևում, երբ բախտի բերմամբ մեզ հետ ճանապարհորդող քահանան, կարծես կարդալով ներսում գտնվող մի քանի հայերիս միտքը սսկսում է աղոթք ասել:
Միանգամից վերանում եմ...Սիրտս եկեղեցու գմբեթից ինձ է նայում..Չեմ տիրապետում մարմնիս...Ձեռքերս պարզում եմ ու շարունակում Տերունականը..չորրորդ բառից նկատում եմ, որ ձայնս հեծկլտոցի է վերածվել և երգս հեկեկոցով է շունչ առնում:
Ծնկի եմ ընկնում ու ողբում...ու լսում եմ գետնին գամվող ուժասպառ ոտքերի դրմփոցը...մեկս մյուսի հետևից  ընկնում ենք..ընկնում դեպի հավատքի, վեհության, ցավի, ափսոսանքի, կորստի ու ձեռքբերման բարձունք:
Մի պահ կատարյալ երջանիկ եմ,...,Հետո սկսում եմ հանցանքի վայրում բռնված գողի պես գլուխս դեսուդեն թեքել ու փնտրել տան նոր տերերին, որոնք արդեն եկել ու դուրս են հրավիրում մեզ:
Բայց մենք գողացանք:
Հասցրինք գողանալ մի աղոթք, որ մերն էր:

Դու լինես

Գամ տուն, որովհետև այստեղ դու ես...
 Ապրեմ, որովհետև դու ինձնով ուրախանում ես: ժպտամ, քանի որ ժպիտս քո աչքերը փայլացնում է:
Ապագայի պլաններ կազմենք ու խոսենք ժամերով: Միմյանց մտքեր կարդանք, ու կոպտենք՝ լավ իմանալով իրական նշանակությունն ամեն բառի:
Սպասեմ քեզ..զանգիդ սպասեմ..քեզ տեսնելուն սպասեմ...քո բարի խոսքին սպասեմ:
Զայրացնեմ քեզ...հոգուդ հետ խաղամ...տանջենք իրար..բայց դու լինես:
Հույսս կտրեմ..որոշեմ քեզ մոռանալ, ջնջել, սպանել...բայց դու լինես:
Քեզ սիրեմ ու հարգեմ, հիանամ, սովորեմ, որ քեզ հասնեմ, սովորեցնեմ, որ ինձ հասնես: Դու լինես: Միշտ լինես: Անկախ ամեն ինչից լինես:
Երբ ուրրիշները լինեն, լինես: Երբ մենակ լինեմ, լինես:
Երբ դառնացած լինեմ, մխիթարես: Երգեր ուղարկես, նամակներ գրես: Միշտ սպասես: Ինձ ՞անտանելի՞ պիտակես ու սիրես, ոնց որ հիմա, ոնց որ միշտ: Ու հեռուներից շտապեմ քեզ մոտ: Ու ամենալավ լողափին ու ամենամաքուր ծովում երազեմ, որ դու էլ դա վայելես: Որ միշտ լինես: Դու լինես: 
Իմ կես, իմ հակապատկերի, իմ շարունակություն, իմ միակ....
Քանի դեռ դու լինես...ու ես լինեմ...մենք կլինենք:
Եթե դու լինես...

04.07.2013

Իմ աչքերը

Իմ աչքերը, որ սկսել են լավ տեսնել,
Ինձ սպառում են, ու սկսել են կկոցվել:
Այն ամենը, ինչ ես առաջ չեմ տեսել, 
Հիմա եկել ու սկսել է դուռ թակել:

Իմ երազած, իմ հավատքի աշխարհը
Փուլ է գալիս ստի, ցավի ափերում:
Իմ կառուցած, իմ փայփայած աշխարհը
Ապահով չէ իմ պինդ փակված կոպերում:

Վախենում եմ, չեմ ուզում դեռ  հանձնվել:
Թող վատ տեսնեմ, բայց ամեն ինչ չտեսնեմ:
Թող չլինեմ հիասթափված, շփոթված,
Թող վատ տեսնեմ, թող խաբեն, թող խաբնվեմ...

Օտարս

Ես վերցրել եմ քո պատյանը, որն այնքան մոտ է իմ երազների ասպետի պատյանին ու լցրել եմ իմ երզների ասպետի որակներով, որոնց մի մասը դու չունես, բայց ձևացնում ես թե ունես, մի մասը ունես, բայց ինձ համար չեն: Սակայն պիտի նաև խոստովանեմ, որ ունես այնպիսի որակներ, որոնք միայն ինձ համար ես պահել հոգումդ ու միայն ինձ ցուցադրել: Բայց դա բավարար չէ...միևնույն է, օտար ես:
Ինձ քեզ մոտ չես թողնում , դուռը բացում ես, բանալին տալիս ձեռքս ու կանգնում դռան դիմաց: Հարգում ես ինձ ամենից շատ, վստահում բոլորից առավել, սիրում, ինչպես երբեք ու ոչ ոք, բայց դա էլ բավարար չեղավ...միևնույն է՝ օտար ես:
 Միասին անցկացրած մեր ամեն վայրկյանը, ամեն ժպիտը, որ դրոշմել ես հպարտ երեսիս, գրոշ չարժե այն անթիվ հիասթափված հոգոցների ու խոժոռված ունքերի դիմաց, որ շռայլել ենք միմյանց: Դու օտար ես:
Այն ամենն, ինչ սովորեցրել ես ինձ, այն ամենն, ինչ փոխանցել ես ինձ, չեն արժեցել այնքան, որ թույլ տաս քեզ իմը համարել: Միևնույն է՝ օտար ես:
Երևի այսպես էլ կլինենք ամբողջ կյանքում՝ չկայացած սիրեցյալներ, կիսատ հարազատներ, իրար հետ համակերպվելու համար չափազանց հարմար զույգ՝ արյունակից եղբայր ու քույր, երազակից հարևաններ, որ իրականում իրար օտար են:
Ու հիմա ցավոք պիտի ազնիվ լինեմ, ու ցավոք, օտարս, պիտի ընդունեմ, որ իմն էլ է մեղքը այն վշտիս համար, որ մենք այնուամենայնիվ օտար ենք: