Երբեմն ինձ թվում է, որ ես եմ ուղղորդում մեր հարաբերությունները, բայց հետո, երբ խորն եմ մտածում, հասկանում եմ, որ ես անում եմ միայն ու միայն այն, ինչ դու ես թույլ տալիս: Որքան միամիտ եմ ես, երբ երբեմն մոլորվում ու հակառակին եմ հավատում:
Դու փոխել ես իմ կյանքը: Ինձ ես փոխել:
Այսքան ուժեղ ու ինքնավստահ ես երբեք չեմ եղել:
Ես էլ քեզ եմ ուժ տալիս..ես հավատում եմ դրան: Ուզում եմ, որ ասես, բայց երբեք, երբեք չես խոստովանում:
Դու ոչինչ էլ երբեք չեք խոստովանում:
Բայց երբեմն, երբեմն հազվադեպ,շատ հազվադեպ, երբ անկեղծանում ես, խոցելի ես դառնում, որովհետև մի այնպիսի նրբության ալիք է պատում քեզ, որ ես էլ եմ խուսափում այդքան թանկարժեք ու սպասված պահերից. վախենում եմ քեզ վախեցնել:
Ու ոնց բացատրեմ այն ներքին ջերմությունը, որը վստահ եմ, ներշնչել եմ ինձ, որ զգում եմ, երբ դու ինձ հետ ես մտքերով: Այ հիմա էլ եմ դա զգում: Ու գիտեմ, թե որտեղ ես: Ու գիտեմ, թե ինչ ես անում: Ու կարծում եմ, որ ինձ էլ ես հիշում. գիտես, որ ես կուզենայի կողքիդ լինել հիմա:
Ամեն անգամ, երբ քեզ ցտեսություն եմ ասում, տագնապով ու անհանգստությամբ լցված կարոտ եմ զգում: Կարոտ: Ես փաստորեն ունակ եմ կարոտել: Քեզ կարոտել:
Երբ մի գեղեցիկ բան եմ տեսնում կամ զգում, անպայման ուզում եմ կիսել դա քեզ հետ: Երևի հենց դա է սերը...Լինել հեռվում, ծովի մեջ լողալ ու երազել, որ դու էլ վայելես այդ բերկրանքը:
Երևի հենց դա է սերը, երբ քո զանգից հետո նայում եմ, թե քանի երջանիկ րոպե ավելացավ իմ կյանքում ու ձգտում եմ, որ քո զանգը միշտ վերջինը լինի, որ երբ բացեմ ցանկը, նկարդ տեսնեմ ու ուրախանամ:
Քեզ տեսնելը: Այդքան անհամբեր ոչնչի չեմ սպասում: Պլանավորում եմ, ու ամեն ինչ հակառակի պես անում: Որոշում եմ քիչ խոսել, հետևել քո խոսքին, հնչերանգին, ժեստերին, որ կարդացածս գրքերի հնարները կիրառեմ ու մի փոքր ավելին իմանամ իմ հանդեպ քո զգացմունքների մասին: Բայց չեմ կարողանում: Էլ ոնց կառավարեմ իմ խոսքն ու գործը, երբ դու կողքիս ես: Թույլ եմ, թույլ:
Երևի հենց դա է սերը. երբ ես մի բանից նեղվում եմ ու սկսում պատմություն սարքել, դու ուղղակի լուռ համբերում ես մինչև ամեն ինչ ասեմ ու անցնում ես առաջ, կարծես ուղղակի օրս էի պատմում: Իմաստուն ես երևի:
Միշտ ինձ խոցելի եմ զգում քո առաջ. երևի շատ եմ սիրում քեզ:
Ոնց կարողացար ինձ այսպես խեղճացնել է....
Ապագայի մեր պլաններն են ինձ ստիպում սպասել վաղվան, ու քանի դեռ այտերս այրվում են, ուզում եմ ապրել ու հոգուս խորքում վստահ կլինել, որ դա միմիայն քո՝ իմ հետ մտքով լինելու հետևանքն է:
Комментариев нет:
Отправить комментарий