21.11.2011

Մինչև մահ...

Ինչ ենք անում մինչև մահ?

Սովորում ենք..սովորում ենք ապրել և սովորում ենք, որ ապրենք: Որ լավ ապրենք:
Սովորում ենք միշտ, անգամ հաճախ մեր կամքից անկախ, ու դա հիասքանչ է:
Սովորելը զարգանալու նախապայմանն է. իսկ եթե չենք զարգանում, էլ ինչու ենք ապրում:
Ես սիրում եմ, երբ տեսնում եմ անգլերեն սովորող "տյոտյաներին" ու "ձյաձյաներին", որոնց թիվը,  բարեբախտաբար, գնալով աճում է: Հաճելի է տեսնել, թե ինչպես է թոշակի անցած տատիկը թոռնիկին դասերում օգնելիս կրկին սովորում մոռացածը: Ավելի հաճելի է, երբ մի նստարանի ոմտ իրար կողքի նստում են 16 և 61 տարեկան ուսանողները..բայց այդպիսի բան մեր երկրում ես չեմ տեսել:
Արտասահմանում ընդունված է նորմալ ընդունել մեծ տարիքում նոր մասնագիտություն կամ անգամ առաջին մասնագիտություն ձեռք բերող մարդկանց, իսկ մեզ մոտ` ոչ: Բայց տեսնելով "եվրոպական ստանդարտների" ինտենսիվ ներթափանցումը և ադապտացումը մեր երկրում, կարող եմ հուսալ, որ այդ օրը հեռու չէ:
 Ուղղակի դժվար կլինի, քանի որ անգամ հասարակական տրանսպորտում գիրք կամ ամսագիր ընթերցող ուղևորին այնպես են նայում, կարծեղ այդ "գիտունիկը" Լուսնից հենց նոր իջավ մեր մոլորակ: Այդպիսի հայացքով Լոնդոնում նայում են այն ուղևորին, ով առանց 'կարդալիքի" է տրանսպորտ նստել: Ի միջի այլոց, տրանսպորտում միայն գրքում կարդացածը չէ, որ մեզ կրթում է: Անգամ լիքը ավտոբուսում անհարմարավետ երթևեկելիս մենք այնքան բան ենք սովորում.սովորում ենք մի կերպ կանգնել ու չուշաթափվել, չխեղդվել ու ջղայինների հետ կռիվ չանել, սովորում ենք հանդուրժել ու զիջել: Քիչ բան է?


14.11.2011

Ախ, այդ ժամանակը...

Հարաբերականության տեսության օրինակը մեզ բացատրելիս մեր ֆիզիկայի ուսուցիչն ասում էր, որ երբ սիրուն աղջկա/տղայի կողքին ենք նստած ու իր հետ զրուցում ենք, մեզ մի ժամը մի րոպե է թվում, իսկ մի րոպեն մի ժամ է թվում, երբ չուզենալով դաս ենք անում: 
Բայց ես հիմա չեմ պատրաստվում հարաբերականության տեսությունը քննարկել:
Ես ժամանակի մասին եմ ուզում գրել..և հուսով եմ, որ ժամանակս կհերիքի, որ գրեմ, ձեր ժամանակն էլ կհերիքի, որ կարդաք:
Վերջերս կարծես ինձ անհայտ մի նախախնամությամբ ամեն ինչ, ինչ լսում եմ ու տեսնում, ժամանակի մասին է. ժամանակի մասին ֆիլմ գիտեցի անցյալ շաբաթ օրը, գիրք եմ կարդում ժամանակի մասին, հեռուստացույցով վավերագրական ֆիլմեր են ցույց տալիս ժամանակի մասին, կարդացածս հոգվածներն էլ միայն ժամանակի կառավարման, տնտեսման մասին են...Սա քիչ էր, ընկերներս էլ են սկսել միայն ու միայն ժամանակի մասին խոսել ինձ հետ. կարծես միայն դա է աշխարհում իրենց հետաքրքրում:
Ժամանակն իրոք ամենամեծ կապիտալն է, որ բոլորս ի ծնե ունենք: Միակ կապիտալն է, որ մեզ անվարձահատույց է տրվում: Անվարձահատույց? Իրոք? Սա, իհարկե, վիճարկելի դրույթ է: 
Իսկ ինչ պետք է մենք անենք, որպեսզի հնարավորինս շատ ժամանակ ունենանք? Վազենք? Դանդաղենք?
Իսկ մեզ իրոք պետք է այդ "շատ ժամանակը"? Մենք դրա կարիքն ունենք...երբ չենք հասցնում մեր գործերը...իսկ երբ հասցնում ենք ոչինչ չհասցնել...մեզ ժամանակ պետք է ավելին չհասցնելու համար?

Ժամանակից վախենում եմ...չեմ ուզում, որ այն շատ լինի նրանց համար, ում պետք չէ, ու քիչ լինի նրանց համար, ում այն երբեք չի բավարարում:
Վերջերս մի մարդու գրածն էի կարդում. նրան ասել էին, որ ապրելու մի քանի ամիս է իրեն մնացել. անբուժելի հիվանդությունը քայքայում է իր օրգանիզմը, ու նա գրում էր, թե ինչպես է օգտագործում իր ժամանակը, այդքան քիչ ժամանակը, այդքան թանկ ժամանակը: Պարզվում է, որ նա անում է այն, ինչ միշտ ուզեցել է, ու չի արել: Չէ, Լաս Վեգաս չի գնացել: Ու ոչ էլ Լոնդոնում թագուհու հետ թեյ է խմում: Նա ներողություն է խնդրել իր բոլոր սխալների համար համապատասխան մարդկանցից, այցելել է բոլոր հեռու ու մոտ բարեկամներին ու հաշտվել է նախկին կնոջը կորցնելու մտքին ու վերջինիս մի մեծ զամբյուղ ծաղիկներ է ուղարկել..հենց այնպես...Ու էլի բարի ու բարի արարքներ:
Ժամանակը թանկ է: Չէ, նկատի չունեմ միայն ժամավճարով աշխատող մարդկանց- խոսքը, իհարկե, մարմնավաճառուհիների մասին չէ- ժամանակը ավազի պես է, որքան սեղմում ենք ձեռքներումս, այնքան մատների արանքով սահում կորչում է: 
Ժամանակը տնտեսելու համար պետք չէ շտապել այն խնայելու նպատակով:
Իսկ ժամանակի մասին մտորելու վրա ժամանակ ծախսելը արդեն իսկ ժամանակի վատնում է թվում: 
Թե չէ?
 Չգիտեմ: 
Եթե այո, կներեք, որ ձեզանից խլեցի այս թանկարժեք ու թանկագին 6-7 րոպեն, իսկ եթե ոչ, խմդրում եմ գրել ձեր կարծիքներն այս հարցի շուրջ. ինձ համար կարևոր է յուրաքանյչյուրիդ կարծիքը: 
Շնորհակալ եմ:




Հ.Գ. Պարզապես արժևորենք ժամանակը, երևի:

09.11.2011

Սովորել սովորելու կարևորության մասին

Լենին պապին հորդորում էր «Учиться, учиться, учиться»,  հայտնի ասացվածքն ասում է «Учиться никогда не поздно», իսկ մենք` երիտասարդներս շարունակում ենք համալսարանը համարել պարտադիր այցելության վայր` հաճախ մոռանալով այցի սկզբնական և ամենակարևոր նպատակի մասին:
Ինչպես գիտենք, կրթությունը կարևոր է որպես մասնագետ կայանալու համար: Բայց միայն ուսումնական պլանի առարկաները յուրացնելով` լավ մասնագետ չես դառնա: 
Պետք է սովորես սովորել ուսյալներից: 
Պետք է կարողանաս օգտվել ճիշտ աղբյուրներից: 
Պետք է կարողանաս փոխառել ոլորտում հաստատվածների փորձը, նույնն է, թե սովորես իրենց սովորածը սովորել:
Սովորելը միշտ մեծ պատիվ է եղել բանիմաց մարդկանց համար: Հնուց ի վեր գրաճանաչությունը մեծ առավելություն է եղել: Եվ այսօր, երբ մարդիկ դրա հանարավորությունն ունեն, բոլորն են տառաճանաչ: Հատուկ ծրագրավորված մեր հասարակությունում ծնողները գիտեն, որ երբ իրենց զավակը բոլորի իր 5 տարին, պիտի սկսեն հարմար դպրոց գտնեն, ուր պարտաճանաչ կամ ոչ այնքան 12 տարի շարունակ  հաճախելուց հետո  իրենց` արդեն միջնակարգ կրթություն ստացած դեռահաս-երեխան պետք է բուհ ընդունվի: Դա պարտադիր է: Այլ կերպ էլ ո՞նց: Իսկ բուհը սիրելով թե ոչ այնքան ավարտելուց և գիտելիքների շտեմարանը հարստացնելուց կամ նույն ծավալով թողնելուց հետո արդեն «տեսնենք` ոնց էրեխեն կուզի»: 
Այսինքն` սկզբունքորեն ցանկալի է գիտնական-զավակ ունենալը, բայց դե «էդքան սովորե՞լ կլնի»: Իհարկե` ոչ: Հետո «երեխա»- յին ձերդ գերազանցություն ԽԾԲ-ն կտեղաորի «նորմալ գործի» ու նա կսկսի փող վաստակել, օրինակ` որպես վարկային բաժնի մասնագետ աշխատելով` բազային բանասիրական կրթության «նախապայմանով», անգլերենի և համակարգչի լավ իմացությամբ: Դե իհրակե:


Իսկ, ասենք, այնպիսի մանրուքնե՞ր, ինչպիսիք են զանազան սեմինարներն ու թրեյնինգները, որոնք, բարեբախտաբար, ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում մեր փոքրիկ պետության մեծ մասանգետների համար: 

Չէ´, դա անբանների գործն է. ազատ ժամանակ ունեն, թող գնան «մարդամեջ», շփվեն...
Իսկ այն, որ երթուղայինում քեզ իր հայացքով տեղդ պապիկին զիջել հորդորող տիկինը կարող է քեզ կրթել, քանիսի՞ մտքով է անցել: 
Քանի՞սն են գիտակցել, որ երբ իրենց փոքրիկ եղբոր հետ խանութ են մտնում ու տեսնում են կաթնամթերքի բաժնի հերթը,  ու ոչ թե «Նազիկ տոտային» խնդրում են իրեն շտապ «մի հատ սմետան» տալ (կարծես աշխարհը դադարել է պտտվել, ու միայն թթվասերի հրատապ առաքման դեպքում կշարժվի տեղից) , այլ լուռ գալիս կանգնում է բոլորից հետո և համբերատար սպասում են իրենց հերթին,  կրթում են իրենց փոքր եղբորը:

Կրթելը միայն ուսումնական հաստատությունների մենաշնորհը չէ: 


07.11.2011

Դադարել ակնկալել?

Շարունակելով նախորդ թեման` կուզեմ ասել, որ անհնար է ապրել առանց ակնկալելու: Դա իմ կարծիքն է: Միգուցե ինչ-որ մեկին դա հաջողվում է: Ինձ ` ոչ: Ու դա բնավ չի վկայում այն մասին, թե ես իբր պակաս բարի եմ, կամ պակաս նվիրվող: Ամենևին էլ ոչ:
 Քանի որ շատ լավ գիտեմ, որ հարաբերությունները կառուցված են փոխադարձ շահերի վրա, ու թող ոչ ոք հրեշտակի թևիկներ չհագնի ու ինձ հակառակում չհամոզի: Ես վստահ եմ. եթե մեկը մյուսին չի կարող որևէ հարցում օգնել, նրանք երբեք չեն ընկերանա:
Քննարկման ուրիշ հարց է, որ ոմանք անպիսի մաքուր ու բարոյական շահ են ակնկալում դիմացինից, ինչպիսին են սերը, հարգանքը, ուրադրությունը, ջերմությունը: Դա բնական է: Դա նորմալ է: Դա բարոյական է: Դա մարդկային է:
Իսկ այն հարաբերությունները, որոնք հիմնված են այն հանգամանքի վրա, որ մեկը կարող է մյուսին ֆինանսական օգնություն տրամադրել` ի պատասխան միասին անցկացրած ժամանակի...այ դա հենց էլ մարդու` ինքն իրեն վաճառելն է: Գիտենք, թե ովքեր են իրենց "սերը" վաճառում:
Բայց, այնուամենայնիվ, ուզում ենք դա, թե չէ, գիտակցում ու ընդունում ենք դա, թե չէ, մենք միևնույն է ակնկալում ենք: 

Դա նման է նամակ գրելուն.երբ մենք մեկին սիրում կամ հարգում ենք, մենք նրան անտեսանելի "նամակ ենք գրում": Կախված մեր զգացմունքից հասցեատիրոջ հանդեպ` նամակի բովանդակությունը տարբեր է լինում, բայց նամակ միշտ էլ գրում են պատասխան ստանալու սպասումով:
Ակնկալում ենք միշտ, ակնկալում ենք բոլորից, ովքեր մեզ համար կարևոր են ու թանկ: Համենային դեպս` ես դա հասկացել ու ընդունում եմ, չնայած` մեծ դվարությամբ հասա սրան:
Ուրեմն` ուզում եմ, որ դադարենք նյութական և հասարակական ակնկալիքներից, այլ միայն սեր ու ուշադրություն ակնկալենք միմյանցից:
Բայց դե, ուզենք դա, թե չէ, կյանքը ծառայությունների բանկ է, որում մենք ավանդներ ենք ներդնում ու վարկեր վերցնում` միջանձնային հարաբերությունների հարթության վրա:

02.11.2011

Պատասխան եմ ուզում

Ինձ համար կարևոր մի մարդ ինձ միշտ նախատում է, որ ես միջանձնային հարաբերություններում միշտ պատասխանի ակնկալիքով եմ առաջնորդվում: Ես էլ մի անգամ խիզախությունս բուռս հավաքեցի ու խոստովանեցի, որ դա իրոք այդպես է; Դե հա, ես այդպիսին եմ: Երևի շատ վատ է, բայց երբ ես սեր ու ջերմություն, ժամանակ ու հոգատարություն եմ նվիրում մեկին, ես սպասում եմ, որ ինքն էլ ինձ է նվիրելու;
Իսկ նա ասում է, որ դա սխալ է:
Հա, տսականորեն սխալ է: Պետք է` լավություն անել, ու մոռանալ..ես դա գիտեմ..շատ եմ լսել...Աստվածաշնչում էլ եմ կարդացել տենց մի միտք, եթե չեմ սխալվում: Բայց ախր ոնց...
Եթե ես դադարեմ մեկից մի բան ակնկալել ես կդադարեմ նրան իրոք սիրել: Եվ այն, որ երբ ես մի կտոր սեր եմ տալիս մեկին ու սպասում եմ նրա պատասխան մի կտոր սիրուն բնավ չի նշանակում, որ ես առանց հենց այդ կտոր սիրո չեմ կարող, չէ: Ուղղակի բոլոր նորմալ մարդկանց պես ես սիրում եմ հասկացված, սիրված ու գնահատված լինել: Իսկ երբ դիմացինս ինձ ցույց չի տալիս, որ ես իր համար թանկ եմ...

Մի խոսքով, մարդիկ, ում ես նվիրել եմ իմ սերն ու ջերմությունը, ու ով չի պատասխանել ամբողջ ծավալով...Վերադարձրեք իմ վատնած ռեսուրսները, ես դրանց կարիքն ունեմ: Կան մարդիկ, որքեր դա գնահատում են: Կան մարդիկ,ում դա պետք է:

12.10.2011

Սիրում եմ աշունը

Սիրում եմ, երբ տերևները վազվզում եմ օդում:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հանդիպելու:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել":
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես ու անջատում հեռախոսը` գրեթե բղավելով, որ "ՍՊԱՍՈՒՄ ԵՍ ՉԷ?"
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես ու անջատում հեռախոսը` գրեթե բղավելով, որ "ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ?, ու հենց ամբողջ ուժով ընկնում ես խեղճ նստարանի վրա, որը մեղավոր չէր, որ ես քեզ խաբում էի, ես հետևից ամուր-ամուր գրկում եմ քո թիկունքը ու շշնջում` 'Սիրում եմ աշունը...Շոպենի դո դիեզ մինոր վալսը...շոկոլադ..մեկ էլ` ՔԵԶ":