14.11.2011

Ախ, այդ ժամանակը...

Հարաբերականության տեսության օրինակը մեզ բացատրելիս մեր ֆիզիկայի ուսուցիչն ասում էր, որ երբ սիրուն աղջկա/տղայի կողքին ենք նստած ու իր հետ զրուցում ենք, մեզ մի ժամը մի րոպե է թվում, իսկ մի րոպեն մի ժամ է թվում, երբ չուզենալով դաս ենք անում: 
Բայց ես հիմա չեմ պատրաստվում հարաբերականության տեսությունը քննարկել:
Ես ժամանակի մասին եմ ուզում գրել..և հուսով եմ, որ ժամանակս կհերիքի, որ գրեմ, ձեր ժամանակն էլ կհերիքի, որ կարդաք:
Վերջերս կարծես ինձ անհայտ մի նախախնամությամբ ամեն ինչ, ինչ լսում եմ ու տեսնում, ժամանակի մասին է. ժամանակի մասին ֆիլմ գիտեցի անցյալ շաբաթ օրը, գիրք եմ կարդում ժամանակի մասին, հեռուստացույցով վավերագրական ֆիլմեր են ցույց տալիս ժամանակի մասին, կարդացածս հոգվածներն էլ միայն ժամանակի կառավարման, տնտեսման մասին են...Սա քիչ էր, ընկերներս էլ են սկսել միայն ու միայն ժամանակի մասին խոսել ինձ հետ. կարծես միայն դա է աշխարհում իրենց հետաքրքրում:
Ժամանակն իրոք ամենամեծ կապիտալն է, որ բոլորս ի ծնե ունենք: Միակ կապիտալն է, որ մեզ անվարձահատույց է տրվում: Անվարձահատույց? Իրոք? Սա, իհարկե, վիճարկելի դրույթ է: 
Իսկ ինչ պետք է մենք անենք, որպեսզի հնարավորինս շատ ժամանակ ունենանք? Վազենք? Դանդաղենք?
Իսկ մեզ իրոք պետք է այդ "շատ ժամանակը"? Մենք դրա կարիքն ունենք...երբ չենք հասցնում մեր գործերը...իսկ երբ հասցնում ենք ոչինչ չհասցնել...մեզ ժամանակ պետք է ավելին չհասցնելու համար?

Ժամանակից վախենում եմ...չեմ ուզում, որ այն շատ լինի նրանց համար, ում պետք չէ, ու քիչ լինի նրանց համար, ում այն երբեք չի բավարարում:
Վերջերս մի մարդու գրածն էի կարդում. նրան ասել էին, որ ապրելու մի քանի ամիս է իրեն մնացել. անբուժելի հիվանդությունը քայքայում է իր օրգանիզմը, ու նա գրում էր, թե ինչպես է օգտագործում իր ժամանակը, այդքան քիչ ժամանակը, այդքան թանկ ժամանակը: Պարզվում է, որ նա անում է այն, ինչ միշտ ուզեցել է, ու չի արել: Չէ, Լաս Վեգաս չի գնացել: Ու ոչ էլ Լոնդոնում թագուհու հետ թեյ է խմում: Նա ներողություն է խնդրել իր բոլոր սխալների համար համապատասխան մարդկանցից, այցելել է բոլոր հեռու ու մոտ բարեկամներին ու հաշտվել է նախկին կնոջը կորցնելու մտքին ու վերջինիս մի մեծ զամբյուղ ծաղիկներ է ուղարկել..հենց այնպես...Ու էլի բարի ու բարի արարքներ:
Ժամանակը թանկ է: Չէ, նկատի չունեմ միայն ժամավճարով աշխատող մարդկանց- խոսքը, իհարկե, մարմնավաճառուհիների մասին չէ- ժամանակը ավազի պես է, որքան սեղմում ենք ձեռքներումս, այնքան մատների արանքով սահում կորչում է: 
Ժամանակը տնտեսելու համար պետք չէ շտապել այն խնայելու նպատակով:
Իսկ ժամանակի մասին մտորելու վրա ժամանակ ծախսելը արդեն իսկ ժամանակի վատնում է թվում: 
Թե չէ?
 Չգիտեմ: 
Եթե այո, կներեք, որ ձեզանից խլեցի այս թանկարժեք ու թանկագին 6-7 րոպեն, իսկ եթե ոչ, խմդրում եմ գրել ձեր կարծիքներն այս հարցի շուրջ. ինձ համար կարևոր է յուրաքանյչյուրիդ կարծիքը: 
Շնորհակալ եմ:




Հ.Գ. Պարզապես արժևորենք ժամանակը, երևի:

Комментариев нет:

Отправить комментарий