29.07.2013

Գողացված աղոթք

Ճամփա ենք ընկնում վաղ առավոտյան:
Երկար, շատ երկար տաս ժամ ու մենք մեր պապերի հողի վրա ենք: Առաջինն, ինչ զգում եմ, ահն է: Ամեն ինչ իմն է, ու ես օտար եմ: Ես հերթական այցելու եմ, զբոսաշրջիկ եմ, հյուր եմ գնացել...ինքս ինձ:
Քաղաքի անմիջապես կենտրոնում վեր են խոյանում երկու ահռելի մեծ շինություններ.կողք կողքի կպարտ կանգնած են թուրքական մզկիթն ու իր կամքին հաքկառակ դավանափոխ արված ու դեռ ավելի հպարտ, կարծես տեսածի ազդեցությունից ավելի մուգ մոխրագույն ու մռայլ դարձած հայկական եկեղեցին: Տեսնում եմ թե չէ մտածում եմ՝ տեսնես կկարողանանք ներս մտնել: Կարող էինք, բայց մի պայմանով՝ ոտաբոբիկ ու գլխաշորով:
Մտնում եմ ներս....չեմ հասցնում աչքերս վերև հառել ու զննել հայկական որմնանկարները, որ վախից թաքնվել են կարմիր գորգերի հետևում, երբ բախտի բերմամբ մեզ հետ ճանապարհորդող քահանան, կարծես կարդալով ներսում գտնվող մի քանի հայերիս միտքը սսկսում է աղոթք ասել:
Միանգամից վերանում եմ...Սիրտս եկեղեցու գմբեթից ինձ է նայում..Չեմ տիրապետում մարմնիս...Ձեռքերս պարզում եմ ու շարունակում Տերունականը..չորրորդ բառից նկատում եմ, որ ձայնս հեծկլտոցի է վերածվել և երգս հեկեկոցով է շունչ առնում:
Ծնկի եմ ընկնում ու ողբում...ու լսում եմ գետնին գամվող ուժասպառ ոտքերի դրմփոցը...մեկս մյուսի հետևից  ընկնում ենք..ընկնում դեպի հավատքի, վեհության, ցավի, ափսոսանքի, կորստի ու ձեռքբերման բարձունք:
Մի պահ կատարյալ երջանիկ եմ,...,Հետո սկսում եմ հանցանքի վայրում բռնված գողի պես գլուխս դեսուդեն թեքել ու փնտրել տան նոր տերերին, որոնք արդեն եկել ու դուրս են հրավիրում մեզ:
Բայց մենք գողացանք:
Հասցրինք գողանալ մի աղոթք, որ մերն էր:

Комментариев нет:

Отправить комментарий