13.01.2013

Ամեն ինչից` մի քիչ-մի քիչ

   Իմ կյանքում միշտ ամեն ինչ այսպես է եղել: Ու կա: Ամեն ինչն էլ ինձ հետաքրքրում է: Ու ամեն ինչին էլ ժամանակ, էներգիա, ուշադրություն եմ հատկացնում: Բայց մեկ-մեկ ինձ թվում է, թե դա ճիշտ չի: Ճիշտ է կենտրոնանալ մի բանի վրա ու դա խորությամբ ուսումնասիրել, թույլ տալ, որ այդ մի հետաքրքրությունը կլանի քեզ ամբողջությամբ: Ես հասկանում եմ, որ դա ճիշտ է...բայց ոչ ինձ համար: Ես այդպիսին չեմ: Փորձել եմ, չի ստացվում:
   Ես պիտի միշտ տարված լինեմ շատ բաներով: Եթե օտար լեզու ուսումնասիրել, ուրեմն առնվազն երեքը: Եթե նկարչի գործերը նայել, ապա առնվազն նույն ոճի երեք ներկայացուցիչների հետ միասին: Եթե աշխատել, ապա գոնե երկու տեղ: Եթե սովորել, գոնե երկու մասնագիտացումներով:
   Գիտեք, որ այդպես էլ անում եմ: Միշտ արել եմ...Դա սկսվեց, երբ միջնակարգ դպրոցին զուգահեռ սկսեցի երաժշտական դպրոց հաճախել: Հետո պարն ավելացավ: Հետո դրանց փոխարինեցին ընդունելության քննությունների համար անհրաժեշտ առարկաների պարապմունքները. կրկին առնվազն երեքը:
   Երբեմն ինձ թվում է, որ սխալ եմ անում: Շատ եմ ուզում մի բանի վրա կենտրոնանալ ու խորությամբ ուսումնասիրել: Օրինակ` իսպաներենը: Բայց ոնց? Բա մի հատ ֆրանսերենով լեզուս չկոտրեմ? Այնպես, որ չկարողանամ ճիշտ արտասանել բառերը..որ խառնեմ ամեն ինչ իրար: Բա մի հատ էլ իմ անգլերենով ուղեղումս լեզուների քերականական  ու համակարգերի նկարագրերը վերջնականապես չխառնեմ իրար? Անհնար է...
   Սիրում եմ լողալ...Բայց միայն լողով զբաղվել չեմ սիրում: Պիտի գոնե վազեմ կամ քայլեմ:
   Սիրում եմ անգլերենս, սիրում եմ: Բայց իսպաներենն ու ֆրանսերենն իմ կիրքն են:
   Սիրում եմ կարդալ, շատ եմ սիրում: Բայց ստեղծագործել ու քննադատել էլ եմ սիրում:
   Ու ինչքան սիրում եմ երգեր լսել, երեք այդքան սիրում եմ ինքս երգել ու նվագել:
   Ու ոնց եմ սիրում պատրաստել ու համով բաներ ուտել:
   Ամեն ինչից` մի քիչ- մի քիչ:
   Այսպես էլ կապրեմ միշտ:
   Ամեն ինչից գաղափար կունենամ, բայց ոչինչ էլ մինչև վերջ չեմ յուրացնի:
   Իսկ դա հնարավոր է? Ով է ինչ-որ բան մինչև վերջ յուրացնում? Երևի մեր երազանքների իդեալական մարդը, ով գոյություն չունի անգամ իմ պատկերացումներում....