02.02.2011

Թող` քեզ համար նվագեմ այսօր

 Այսօր ուզում եմ քեզ մի նվագ նվիրել, բայց չգիտեմ` որ գործիքն ես նախընտրում լսել:
 Ես դաշնամուրով քեզ կարող եմ վամպիրյան սագայից իմ սիրելի "Օրորոցայինը" նվագել, կամ կարող եմ կիթառը վերցնել ու քեզ համար ընթացքում հեղինակային երգ գրել հախվերդյանական ոճով, ու գիտեմ, որ դու կսիրես այդ երգը:
 Կամ կարող եմ հարվածային գործիքներով իմ խանդը որոտացնել, որ հասկանաս, թե ինչքան եմ քեզ խանդում, ու հետևաբար նաև սիրում:
 Կամ կարող եմ ջութակի լալկան ու մեղմ հնչյուններով քեզանից ներողություն խնդրել երեկվա հիմար արարքիս համար:
 Կամ սաքսաֆոնով կնվագեմ քեզ համար ամենագրավիչ ռոմանտիկ երաժշտությունը, որը քեզ կխենթացնի և մագնիսի նման կձգի դեպի ինձ:
    Եվ, վերջիվերջո, կարող եմ նվագել աչքերիդ վրա ... իմ աչքերով, ու դու կլսես գոյություն ունեցող և դեռ չստեղծված բոլոր երաժշտական գործիքների կատաղած և խաղաղված, մեղանչող և ներողություն հայցող, բղավող և աղաչող նվագները միաժամանակ , ու կհասկանաս իմ հոգու երգը, ու կնվագակցես ինձ: Ուզում եմ քեզ համար նվագել այսօր: Թող, որ քեզ համար նվագեմ այսօր: Նայիր աչքերիս, սիրելիս:

01.02.2011

Դու այդպես էլ ներել չսովորեցիր

   Ես քեզ շատ բան եմ սովորեցրել...Դու ինձ հետ սովորեցիր սեփական "ես"-ը երբեմն մի կողմ դնել ու առաջնահերթությունը տալ այն մարդու "ես"-ին, ով քեզ համար ոչինչ չի խնայի, դու ինձ հետ սովորեցիր լսել այն, ինչ չեն ասում, այլ միայն մտածում են,  դու ինձ հետ սովորեցիր գիշերը ոչ թե պաթետիկ, բայց ոչինչ չարտահայտող հայացքով լուսնին նայել,. այլ ցերեկը արևին նայելով կուրանալ ու տեսնել սեփական ստվերը արևի վրա, մենք միասին շատ երջանիկ ու տխուր պահեր ենք ապրել, ես քեզ ներել եմ, ես քեզ սիրել եմ, սիրել եմ, ու հետո միայն սիրահարվել...գիտեմ, որ դու էլ...իսկական պլատոնական սեր էր հա, տես է...
   Իսկ հիմա ես անտարբեր եմ...չեմ էլ ափսոսում, չեմ կարոտում, չեմ հիշում, բայց այնպես է ստացվում, որ դու հայտնվում ես, երբ ես դա ամենաքիչն եմ ուզում, ու դա հաճախ է լինում...Ինչու են մեր ուղիներն առնչվում? Ես չեմ ուզում քեզ հետ երբևէ գործ ունենալ, չէ անկեղծ, բայց դու ամենուր ես, այ հիմա, ես գրում եմ քեզ, քո մասին, քեզ համար, ու գիտեմ, որ երբեք չես կարդալու:
  Ախր ես քեզանից շատ բան չեմ խնդրում: ուղղակի խնդրում եմ, չէ, խնդրելու ժամանակն անցել է, պահանջում եմ ներել մեզ, ու այն, որ մենք մեր սեփական ձեռքերով "սատկացրինք" այն գեղեցիկը, որ ունեինք: ես ներել եմ, գիտես? Տաօրինակ է, բայց ներել եմ քեզ, ներել եմ անգամ ինքս ինձ, ու ամենակարևորը` ներել եմ մեզ: Մենք տարբեր էինք, երբ միասին չէինք, բայց նույնանում էինք իրար կողքի:
   Դու ինձ ցավ ես պատճառել, բայց դու ավելի դժվար ես հաղթահարում մեր հիմարության պատճառով ստեղծված բարդությունները: Ես ցավում էի քեզ համար, երբ իմացա, որ շատ հարցերում հաջողությունը երես է թեքել քեզանից, բայց չզարմացա. այդպես էլ պիտի լիներ:
   Մեր պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես չէի ուզում,ու ավարտվեց այն ժամանակ, երբ դու չէիր ուզում: Դու այլ մարդ էիր, երբ իմ կողքին էիր: ես սիրում էի այդ մեկին: Քեզ ես երբեք չեմ սիրել:
   Հիմա սպառվում է համբերությունս, չեմ հանդուրժում քեզ իմ օդում, գնա, թող ինձ, մի հիշեցրու ինձ իմ անցյալը, որը դու ես եղել, ես չեմ սիրում այդ անցյալս, կարող եմ առվելագույնը` չատել ու հարգել:
  Ուղղակի ուզում եմ մեկ վերջին անգամ էլ ներել քեզ ու պահանջել նույնը. երբ դու ներես, հավանաբար ես էլ իսկապես քեզ ներեմ, թե չէ ասում եմ, ասում...բայց ձեռս ընկնես, կսպանեմ...Ես այդպես էլ ներել չսովորեցի...

 
 

Ու ես դնում եմ իմ դիմակը

Այս անգամ իմ ամենասիրելի դիմակն եմ դնում, այն դիմակը, որով դուք ինձ հաճախ տեսնում եք, այն դիմակը, որով ես բոլորիդ սիրում եմ ու կարծես չեմ հասկանում, երբ ինձ խաբում ու դավաճանում եք, որով միայն ժպտում եմ, երբեք չեմ տխրում ու միշտ բոլորիդ հույս եմ տալիս` թե կյանքն արդար ա, ու իբր ամեն ինչ լավ կլինի:
Այդ դիմակը սիրում եմ, որովհետև ինձ ամենաշատը սիրում եք, երբ այդ դիմակով եմ, կամ հենց դիմակն եք սիրում, այլ ոչ ինձ:  Դուք բոլորդ էլ նույն տեսակին եք պատկանում. ասում եք, որ ամենից շատ գնահատում եք մարդու անկեղծ լինելը, բայց բանը գործին է հասնում, ու դառնում եո անհասկացող, սիրում եք անկեղծությունն ու պատրաստ չեք դա ընդունել, ուր մնաց թե գնահատել: Դուք սիրում եք, երբ փեզ խաբում են, ասում են այն, ինչ դուք եք ուզում լսել, ու բնավ էլ կարևոր չէ, թե որքանով է դա մոտ իրականությանը:
Սիրում եք, երբ ձեզ լսում եմ ու խորհուրդներ տալիս, չնայած երբեք, երբեք չեք հետևում իմ խորհրդին, եթե իհարկե ինքներդ էլ դա չէիք որոշել վաղուց:
Սիրում եք, երբ ես կրում եմ ձեր սիրելի դիմակն ու ժպտում ձեր հիմար կատակների վրա, ընդունում ձեր ներողություններն ու կատարում խնդրանք-առաջադրանքները: Երբ այդ դիմակով եմ, ձեզ հաջողվում է ինձ սեփական խղճի գերին դարձնել:
Ինչու եք ասում, թե բարի ու վեհանձն լինելը գովելի է, երբ փախչում եք ներողամիտ ու զիջող, ինքնաբավ ու աշխատասեր մարդկանցից:
Դուք հասկանում եք, որ մարդկանց չեք տեսնում, այլ միայն դիմակներ. դիմակներ, որովհետև դիմակներ եք կրում նաև դուք` բոլորդ, բոլորդ դիմանկերով եք, ու ձեր հետ շփվելու համար ես էլ պարտադիր պիտի դնեմ դիմակս:
Եվ ահա հանձնվում եմ: Ահա դնում եմ ես էլ մի դիմակ: Այս դիմակը ձեր ամենասիրելի դիմակն է: Ուրեմն նաև իմ ամենասիրոլի դիմակը կդառնա: