29.04.2012

Իմ փիլիսոփայությունը

   Ես հավատում եմ, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Ես չեմ կարծում, որ որևէ մեկի մի արարք կարող է անպատասխան մնալ: Պարզապես հաճախ պատասխանն այլ աղբյուրից ենք ստանում, ու միանգամից չենք հասկանում, թե դա ինչի պատասխանն էր: Նմանապես մենք էլ պատասխանում ենք ամեն հարցման, որ մեզ է ուղղված:
   Ես վստահ եմ, որ իմ շրջապատում ամեն մեկն  ինձ սիրում է ճիշտ այնքան, որքան ես իրեն, և հակառակը: Ախր իմ տրամաբանությամբ ու խորին համոզմամբ այլ կերպ պարզապես չի կարող լինել:
   Ես մի վայրկյան չեմ կասկածում, թե մեկն ինձ չի սիրում, որովհետև չկա մեկն, ում ես չսիրեմ, ում հանդեպ անտարբեր լինեմ: Իմ ներսում անտարբերության, առհամարհանքի ու չարության համար տեղ չկա. ես գիտեմ, որ դա ինձ միմիայն ավելի թույլ ու խոցելի, ոչ ամբողջական կդարձնի, իսկ ես այդպիսին լինելու համար չէ, որ ծնվել եմ:
   Իմ կյանքում ամեն ինչ հավասարակշռված է. ես երջանիկ եմ իմ բազբազբաղ ու բարդ կյանքով, ես լեցուն եմ իմ հետաքրքիր ու հրաշք օրերը հնարավորինս ճիշտ ապրելու շահադրդմամբ ու պատրաստակամությամբ:
   Ես բողոքելու համար ներսումս այդքան  անտարբերություն ու դժգոհություն չունեմ: Ես գիտեմ, թե ինչն է իմ գործը ու ինչն իմ գործը չէ: Ես գիտեմ, որ ամեն ինչ գնահատվում և վարձատրվում է: Ես գիտեմ, որ այս գեղեցիկ մտքերը գործնականում նույնքան արժեքավոր են, որքան իդեալիստական թվում են առաջին հայացքից:
   Ես վստահ եմ, որ պատահական չի լինում ոչ մի բան. երբեմն ժամանակ ու իմաստություն է պետք լինում թվացյալ պատահականությունները վերծանելու համար:
   Մեկ էլ մի բան գիտեմ, դասախոսս է հուշել մի քանի տարի առաջ. Աստված մարդկանց ստեղծել է երջանիկ լինելու համար: Վստահ եմ: