27.06.2011

Արի խոսենք

Արի, նստիր դիմացս, արի խոսենք:
Նայիր աչքերիս, հայացքիս ծանրությունը վայելիր, զգա այն, ինչից փախչել ես այսքան ժամանակ: Ես քեզ շատ բան կասեի..կասեի այն ժամանակ, հիմա ոչինչ չեմ ուզում ասել: Գիտես` երբ մեկը տանում է քո ջերմությունն ու հոգատարությունը, դու քամված ես մնում: Քամված ես մնում այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշը չի տվել քեզ այն, ինչ տարել են քեզանից: Գիտես, դու իհարկե վատ մարդ չես, բայց ինձ համապատասխան չես. ես չեմ սիրում անբաններին, չեմ ներում թույլերին, ատում եմ ուրացողներին, զզվում եմ վատնողներից: Իսկ դու այդպիսինն ես: Թվում է, թե դու այնքան մեծ գործ ես անում, պատվելի, բայց դու անբան ես, անգործ, թույլ, սահմանափակ մարդ: Ինձ ցավ է պատճառում այժմ իմ կյանքում քո բացակայությունը, բայց դա ավելի հաճելի է, քան միակողմանի նվիրվածությունը: Դու էլ էիր ինձ նվիրված, բայց ինչ պատահեց? Ինչու պաղեցիր? Քեզ տարա իմ թշնամին? Նա, ով այդքան բարեհամբույր է իմ նկատմամբ, տարել է քեզ ինձանից? Նա քեզ ավելի հետաքրքիր է? Ավելի հաճելի? Դե ինչ, ուրեմն դու էլ կանցնես այն մարդկանց շարքը, ում ես ներում եմ, շարունակում եմ սիրել, բայց դադարում եմ անհանգստանալ ու նվիրվել:
Արի խոսենք, նստիր: Չես ուզում? Զբաղված ես? Ժամանակ չունես?

26.06.2011

Չգիտեմ

Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու են բոլոր մարդիկ շեշտում, որ ամենաառաջնահերթն իրենց համար այն է, որ դիմացինն անկեղծ լինի իրենց հետ, բայց իրականում պատրաստ չեն ընդունել այդ անկեղծությունը: 
Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ բոլոր տղաները հիանում են ինքնուրույն, ուժեղ և խելացի աղջիկներով, բայց նախընտրում են "լուրջ նպատակով" հարաբերություններ ունենալ հլու-հնազանդ, հիմար ու հեշտ համոզվող աղջիկների հետ:
Ինձ պարզ չէ. թե ինչու են հաճախ խելացի մարդիկ տառապում հիմարների պատճառով և/կամ համար:
Չգիտեմ ինչու են մարդիկ ավելի շատ սիրում ոչ թե նրանց, ոքեր իրենց են լավություն արել, այլ նրանց, ում իրենք են լավություն արել:
Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ոնց կարելի է պնդել, որ մեկը նախանձ չէ, երբ դա բնական հատկանիշ է, որով օժտված են բոլոր մարդ-արարածները:
Չեմ հասկանում` ինչու է p=3.14: