29.07.2013

Գողացված աղոթք

Ճամփա ենք ընկնում վաղ առավոտյան:
Երկար, շատ երկար տաս ժամ ու մենք մեր պապերի հողի վրա ենք: Առաջինն, ինչ զգում եմ, ահն է: Ամեն ինչ իմն է, ու ես օտար եմ: Ես հերթական այցելու եմ, զբոսաշրջիկ եմ, հյուր եմ գնացել...ինքս ինձ:
Քաղաքի անմիջապես կենտրոնում վեր են խոյանում երկու ահռելի մեծ շինություններ.կողք կողքի կպարտ կանգնած են թուրքական մզկիթն ու իր կամքին հաքկառակ դավանափոխ արված ու դեռ ավելի հպարտ, կարծես տեսածի ազդեցությունից ավելի մուգ մոխրագույն ու մռայլ դարձած հայկական եկեղեցին: Տեսնում եմ թե չէ մտածում եմ՝ տեսնես կկարողանանք ներս մտնել: Կարող էինք, բայց մի պայմանով՝ ոտաբոբիկ ու գլխաշորով:
Մտնում եմ ներս....չեմ հասցնում աչքերս վերև հառել ու զննել հայկական որմնանկարները, որ վախից թաքնվել են կարմիր գորգերի հետևում, երբ բախտի բերմամբ մեզ հետ ճանապարհորդող քահանան, կարծես կարդալով ներսում գտնվող մի քանի հայերիս միտքը սսկսում է աղոթք ասել:
Միանգամից վերանում եմ...Սիրտս եկեղեցու գմբեթից ինձ է նայում..Չեմ տիրապետում մարմնիս...Ձեռքերս պարզում եմ ու շարունակում Տերունականը..չորրորդ բառից նկատում եմ, որ ձայնս հեծկլտոցի է վերածվել և երգս հեկեկոցով է շունչ առնում:
Ծնկի եմ ընկնում ու ողբում...ու լսում եմ գետնին գամվող ուժասպառ ոտքերի դրմփոցը...մեկս մյուսի հետևից  ընկնում ենք..ընկնում դեպի հավատքի, վեհության, ցավի, ափսոսանքի, կորստի ու ձեռքբերման բարձունք:
Մի պահ կատարյալ երջանիկ եմ,...,Հետո սկսում եմ հանցանքի վայրում բռնված գողի պես գլուխս դեսուդեն թեքել ու փնտրել տան նոր տերերին, որոնք արդեն եկել ու դուրս են հրավիրում մեզ:
Բայց մենք գողացանք:
Հասցրինք գողանալ մի աղոթք, որ մերն էր:

Դու լինես

Գամ տուն, որովհետև այստեղ դու ես...
 Ապրեմ, որովհետև դու ինձնով ուրախանում ես: ժպտամ, քանի որ ժպիտս քո աչքերը փայլացնում է:
Ապագայի պլաններ կազմենք ու խոսենք ժամերով: Միմյանց մտքեր կարդանք, ու կոպտենք՝ լավ իմանալով իրական նշանակությունն ամեն բառի:
Սպասեմ քեզ..զանգիդ սպասեմ..քեզ տեսնելուն սպասեմ...քո բարի խոսքին սպասեմ:
Զայրացնեմ քեզ...հոգուդ հետ խաղամ...տանջենք իրար..բայց դու լինես:
Հույսս կտրեմ..որոշեմ քեզ մոռանալ, ջնջել, սպանել...բայց դու լինես:
Քեզ սիրեմ ու հարգեմ, հիանամ, սովորեմ, որ քեզ հասնեմ, սովորեցնեմ, որ ինձ հասնես: Դու լինես: Միշտ լինես: Անկախ ամեն ինչից լինես:
Երբ ուրրիշները լինեն, լինես: Երբ մենակ լինեմ, լինես:
Երբ դառնացած լինեմ, մխիթարես: Երգեր ուղարկես, նամակներ գրես: Միշտ սպասես: Ինձ ՞անտանելի՞ պիտակես ու սիրես, ոնց որ հիմա, ոնց որ միշտ: Ու հեռուներից շտապեմ քեզ մոտ: Ու ամենալավ լողափին ու ամենամաքուր ծովում երազեմ, որ դու էլ դա վայելես: Որ միշտ լինես: Դու լինես: 
Իմ կես, իմ հակապատկերի, իմ շարունակություն, իմ միակ....
Քանի դեռ դու լինես...ու ես լինեմ...մենք կլինենք:
Եթե դու լինես...

04.07.2013

Իմ աչքերը

Իմ աչքերը, որ սկսել են լավ տեսնել,
Ինձ սպառում են, ու սկսել են կկոցվել:
Այն ամենը, ինչ ես առաջ չեմ տեսել, 
Հիմա եկել ու սկսել է դուռ թակել:

Իմ երազած, իմ հավատքի աշխարհը
Փուլ է գալիս ստի, ցավի ափերում:
Իմ կառուցած, իմ փայփայած աշխարհը
Ապահով չէ իմ պինդ փակված կոպերում:

Վախենում եմ, չեմ ուզում դեռ  հանձնվել:
Թող վատ տեսնեմ, բայց ամեն ինչ չտեսնեմ:
Թող չլինեմ հիասթափված, շփոթված,
Թող վատ տեսնեմ, թող խաբեն, թող խաբնվեմ...

Օտարս

Ես վերցրել եմ քո պատյանը, որն այնքան մոտ է իմ երազների ասպետի պատյանին ու լցրել եմ իմ երզների ասպետի որակներով, որոնց մի մասը դու չունես, բայց ձևացնում ես թե ունես, մի մասը ունես, բայց ինձ համար չեն: Սակայն պիտի նաև խոստովանեմ, որ ունես այնպիսի որակներ, որոնք միայն ինձ համար ես պահել հոգումդ ու միայն ինձ ցուցադրել: Բայց դա բավարար չէ...միևնույն է, օտար ես:
Ինձ քեզ մոտ չես թողնում , դուռը բացում ես, բանալին տալիս ձեռքս ու կանգնում դռան դիմաց: Հարգում ես ինձ ամենից շատ, վստահում բոլորից առավել, սիրում, ինչպես երբեք ու ոչ ոք, բայց դա էլ բավարար չեղավ...միևնույն է՝ օտար ես:
 Միասին անցկացրած մեր ամեն վայրկյանը, ամեն ժպիտը, որ դրոշմել ես հպարտ երեսիս, գրոշ չարժե այն անթիվ հիասթափված հոգոցների ու խոժոռված ունքերի դիմաց, որ շռայլել ենք միմյանց: Դու օտար ես:
Այն ամենն, ինչ սովորեցրել ես ինձ, այն ամենն, ինչ փոխանցել ես ինձ, չեն արժեցել այնքան, որ թույլ տաս քեզ իմը համարել: Միևնույն է՝ օտար ես:
Երևի այսպես էլ կլինենք ամբողջ կյանքում՝ չկայացած սիրեցյալներ, կիսատ հարազատներ, իրար հետ համակերպվելու համար չափազանց հարմար զույգ՝ արյունակից եղբայր ու քույր, երազակից հարևաններ, որ իրականում իրար օտար են:
Ու հիմա ցավոք պիտի ազնիվ լինեմ, ու ցավոք, օտարս, պիտի ընդունեմ, որ իմն էլ է մեղքը այն վշտիս համար, որ մենք այնուամենայնիվ օտար ենք:

27.05.2013

Հոգնել եմ

Թող ինձ, սիրելիս, թող ինձ ու գնա,
Հոգնել եմ արդեն ես քեզ տեսնելուց,
Վեր կաց ու գնա, հայացքդ էլ պարզիր,
Հոգնել եմ ժպիտդ ես վերծանելուց:

Խոսում ես մի բան, մտածում՝ մեկ այլ,
Զգում ես մի երրորդ, չորրորդ մի զգացում,
Իսկ ես, որ պետք է ամենն էլ զգամ,
Հոգնել եմ, էլ չեմ ուզում հասկացում:

Հոգնել եմ երկար ու լուրջ զրույցից,
Հոգնել եմ կողքիդ միշտ լուռ լինելուց,
Հոգնել եմ անգամ հանուն քո սիրո
Իր երազանքներից հետ կանգնող ինձնից:

Հոգնել եմ քեզնից, հոգնել եմ մեզնից...
Ես հանձնվում եմ...

Չափսոսալ

Չափսոսալ ոչ մի բան ու երբեք չափսոսալ:
Չափոսալ, որ նվիրվել ես, ու միգուցե չես ստացել այնքան, որքան ակնկալել ես: Չափսոսալ, որ առհասարակ ակնկալել ես: Հա, կարդացել ես իմաստուն աֆորիզմներ չակնկալելու մասին ու ակնկալել ես:
Չափսոսալ, որ սպառվել ես, ինչ ունեիր կամ ինչ ուզում էիր արել կամ չես արել ու սպառվել ես:
Չափսոսալ, որ թախծել ես, որ կարոտել, հուսացել, հիասթափվել ու լքվել ես:
Չափսոսալ երբեք...Չափսոսալ, որ սիրել ես: Չափսոսալ, որ երբևէ ինչ-որ մեկին քեզնից բարձր ես դասել :
Չափսոսալ, որ հոգնել ես, որ ուժերդ սպառել ես, որ մարդկանց հետ քաղաքավարի շփվելուց դիմակավորվել ես: Չափսոսալ, որ կորել ես..քեզ կորցրել ու թաքցրել ես...Չափսոսալ, որ ապրել ես...Չափսոսալ, որ ներել ես:
Չափսոսալ, որ ափսոսել ես...
Չափսոսալ երբեք...երբեք չափսոսալ

13.01.2013

Ամեն ինչից` մի քիչ-մի քիչ

   Իմ կյանքում միշտ ամեն ինչ այսպես է եղել: Ու կա: Ամեն ինչն էլ ինձ հետաքրքրում է: Ու ամեն ինչին էլ ժամանակ, էներգիա, ուշադրություն եմ հատկացնում: Բայց մեկ-մեկ ինձ թվում է, թե դա ճիշտ չի: Ճիշտ է կենտրոնանալ մի բանի վրա ու դա խորությամբ ուսումնասիրել, թույլ տալ, որ այդ մի հետաքրքրությունը կլանի քեզ ամբողջությամբ: Ես հասկանում եմ, որ դա ճիշտ է...բայց ոչ ինձ համար: Ես այդպիսին չեմ: Փորձել եմ, չի ստացվում:
   Ես պիտի միշտ տարված լինեմ շատ բաներով: Եթե օտար լեզու ուսումնասիրել, ուրեմն առնվազն երեքը: Եթե նկարչի գործերը նայել, ապա առնվազն նույն ոճի երեք ներկայացուցիչների հետ միասին: Եթե աշխատել, ապա գոնե երկու տեղ: Եթե սովորել, գոնե երկու մասնագիտացումներով:
   Գիտեք, որ այդպես էլ անում եմ: Միշտ արել եմ...Դա սկսվեց, երբ միջնակարգ դպրոցին զուգահեռ սկսեցի երաժշտական դպրոց հաճախել: Հետո պարն ավելացավ: Հետո դրանց փոխարինեցին ընդունելության քննությունների համար անհրաժեշտ առարկաների պարապմունքները. կրկին առնվազն երեքը:
   Երբեմն ինձ թվում է, որ սխալ եմ անում: Շատ եմ ուզում մի բանի վրա կենտրոնանալ ու խորությամբ ուսումնասիրել: Օրինակ` իսպաներենը: Բայց ոնց? Բա մի հատ ֆրանսերենով լեզուս չկոտրեմ? Այնպես, որ չկարողանամ ճիշտ արտասանել բառերը..որ խառնեմ ամեն ինչ իրար: Բա մի հատ էլ իմ անգլերենով ուղեղումս լեզուների քերականական  ու համակարգերի նկարագրերը վերջնականապես չխառնեմ իրար? Անհնար է...
   Սիրում եմ լողալ...Բայց միայն լողով զբաղվել չեմ սիրում: Պիտի գոնե վազեմ կամ քայլեմ:
   Սիրում եմ անգլերենս, սիրում եմ: Բայց իսպաներենն ու ֆրանսերենն իմ կիրքն են:
   Սիրում եմ կարդալ, շատ եմ սիրում: Բայց ստեղծագործել ու քննադատել էլ եմ սիրում:
   Ու ինչքան սիրում եմ երգեր լսել, երեք այդքան սիրում եմ ինքս երգել ու նվագել:
   Ու ոնց եմ սիրում պատրաստել ու համով բաներ ուտել:
   Ամեն ինչից` մի քիչ- մի քիչ:
   Այսպես էլ կապրեմ միշտ:
   Ամեն ինչից գաղափար կունենամ, բայց ոչինչ էլ մինչև վերջ չեմ յուրացնի:
   Իսկ դա հնարավոր է? Ով է ինչ-որ բան մինչև վերջ յուրացնում? Երևի մեր երազանքների իդեալական մարդը, ով գոյություն չունի անգամ իմ պատկերացումներում....