29.04.2012

Իմ փիլիսոփայությունը

   Ես հավատում եմ, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Ես չեմ կարծում, որ որևէ մեկի մի արարք կարող է անպատասխան մնալ: Պարզապես հաճախ պատասխանն այլ աղբյուրից ենք ստանում, ու միանգամից չենք հասկանում, թե դա ինչի պատասխանն էր: Նմանապես մենք էլ պատասխանում ենք ամեն հարցման, որ մեզ է ուղղված:
   Ես վստահ եմ, որ իմ շրջապատում ամեն մեկն  ինձ սիրում է ճիշտ այնքան, որքան ես իրեն, և հակառակը: Ախր իմ տրամաբանությամբ ու խորին համոզմամբ այլ կերպ պարզապես չի կարող լինել:
   Ես մի վայրկյան չեմ կասկածում, թե մեկն ինձ չի սիրում, որովհետև չկա մեկն, ում ես չսիրեմ, ում հանդեպ անտարբեր լինեմ: Իմ ներսում անտարբերության, առհամարհանքի ու չարության համար տեղ չկա. ես գիտեմ, որ դա ինձ միմիայն ավելի թույլ ու խոցելի, ոչ ամբողջական կդարձնի, իսկ ես այդպիսին լինելու համար չէ, որ ծնվել եմ:
   Իմ կյանքում ամեն ինչ հավասարակշռված է. ես երջանիկ եմ իմ բազբազբաղ ու բարդ կյանքով, ես լեցուն եմ իմ հետաքրքիր ու հրաշք օրերը հնարավորինս ճիշտ ապրելու շահադրդմամբ ու պատրաստակամությամբ:
   Ես բողոքելու համար ներսումս այդքան  անտարբերություն ու դժգոհություն չունեմ: Ես գիտեմ, թե ինչն է իմ գործը ու ինչն իմ գործը չէ: Ես գիտեմ, որ ամեն ինչ գնահատվում և վարձատրվում է: Ես գիտեմ, որ այս գեղեցիկ մտքերը գործնականում նույնքան արժեքավոր են, որքան իդեալիստական թվում են առաջին հայացքից:
   Ես վստահ եմ, որ պատահական չի լինում ոչ մի բան. երբեմն ժամանակ ու իմաստություն է պետք լինում թվացյալ պատահականությունները վերծանելու համար:
   Մեկ էլ մի բան գիտեմ, դասախոսս է հուշել մի քանի տարի առաջ. Աստված մարդկանց ստեղծել է երջանիկ լինելու համար: Վստահ եմ:




20.02.2012

Պատահական չի լինում ոչ մի բան

Պատահական չի լինում ոչ մի բան...չէ, ես պեպելյանի գաղտնի ֆանատը չեմ, ուղղակի ես էլ եմ կարծում, որ պատահական չի լինում ոչ մի բան:
Պատահական չէ, որ մեր կողքին կան ու չկան հենց այն մարդիկ, ովքեր կան ու ովքեր չկան, Պատահական չէ, որ մտածում ենք մի բանի մասին, ու դա լինում է:
Պատահական չէ, որ անկախ մեզանից երբեմն հայտնվում ենք այնտեղ, որտեղ երբևէ չէինք կարծում, որ կլինենք:
Պատահական չէ, որ մեր որոշ նախաձեռնություններ ձախողվում են, ու պատահական չէ, որ ոմանք մեզ պատահաբար նեղացնում են: Պատահական չէ նաև այն, որ մենք գնում ենք մեր իսկ գծած ուղով, բայց երբեմն ինքներս բռնում ենք այն մտքով, որ մեր ուզածի պես չեն ապրում: Պատահական չի, որ ես խորապես համոզված եմ, որ այս աշխարհում ոչ ոչ ու երբեք չի անի այն, ինչ ինքը չի ուզում:
պատահական չի լինում ոչ մի բան..մենք անում ենք այն, ինչ պիտի անենք, ու մեր կյանքում կան միայն նրանք, ովքեր մեզ պետք են...պատահական չի, որ ես հիմա սա գրում եմ, ախր պատահական ոչինչ չկա..թե կա?

13.02.2012

Սովորել ուրիշների սխալների վրա

Ես երբեք այդ դեպքը չեմ եղել: Ես միշ իմ սխալների վր  եմ սովորել: 
Բայց գալիս է մի օր, երբ փոխվում են անգամ սկզբունքները: Ու ես, որ միշտ ասել եմ գնամ ճակատս խփեմ ապակուն, համոզվեմ, որ ապակի է, ես, որ միշտ ասել եմ, թեկուզ ես իմաստուն չեմ, թող հիմար լինեմ, բայց ես իմ սխալների վրա եմ սովորում, ես այսօր սովորեցի ու սովորում եմ մի գձեթե անծանոթ մարդու սխալների վրա: Ուղղակի այլ է, երբ տեսնում ես մեկին, ով քեզ վախենալու չափ նման է, ու տեսնելով, թե ինչպես են կողքից նայվում նրա արարքները, իրոք տեսնում ես քեզ կողքից, ու սկսում ես մտածել " Միգուցե իրոք հնարավոր է սովորել ուրիշների սխալների րվա".. " թե ես ուղղակի էլ հիմար չեմ":
Չգիտեմ, բայց նորհակալ եմ այդ մարդուց, ես միանշանակ շատ բան հասակաց, ատ ավելին, քան կարող եմ ուուզում եմ ասել: Մեկ-մեկ լավ է, երբ քեզ կողքից ես նայում, բայց որպեսքի դա անես, պետք է կողքիդ լինի մեկն, ում միջով դու քեզ նայես:

04.12.2011

Ավելորդ մարդիկ

Երբևէ ձեզ ավելորդ զգացել եք? Ես` այո. մի անգամ գնացել էի մի համերգի, որը "հեչ ինձ համար չէր": Զզվելի զգացում է: Սեփական "ես"-ը ստորացնող զգացում է: Լինել մի տեղ, որտեղ դու սպասված չես, ցանկալի չես, պարզապես տեղին չես:
Լինել ավելորդ համերգին...
Լինել ավելորդ երեկույթին...
Լինել ավելորդ ակումբում...
Լինել ավելորդ բուհում...
Լինել ավելորդ կյանքում..չէ, այս մեկը ես բացառում եմ: Կյանքում բոլորն իրենց տեղերն ունեն, բոլորը վաղուց նոր արդուկված ու ծալված սրբիչների պես դարսված են համապատասխան դարակներում: Միայն..ոչ բոլորը դա գիտեն:
Երբ մեկն իրեն մի տեղ ավելորդ է զգում, ու փորձում է փախչել այդտեղից իրավիճակը շտկելու համար, շատ լավ է: Իսկ երբ իրենք` ավելորդները, չեն էլ կռահում իրենց` ավելորդ լինելը, սարսափելի է:
Ավելորդ մարդիկ իդեաական տարբերակում իրենք պետք է գնան իրենց չպատկանող վայրից, իսկ երբ դա իրենց չի հաջողվում, օգնել է պետք:
Տեղ չպիտի ունենան ավելորդ մարդիկ այնտեղ, որտեղ ավելորդ են: Փոխարենը թող գնան ու փառք վայելեն այնտեղ, որտեղ իրենց տեղն են:

01.12.2011

Կրթությունը անվերջ գործընթաց է



«Անկախ տարիքից` յուրաքանչյուր մարդ պիտի կրթություն ստանալու և զարգանալու հնարավորություն ունենա, քանի որ հմտությունները շատ արագ հնանում են», -  մի առիթով ասել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մեծահասակների կրթության ասոցիացիայի անդամ Նազարեթ Նազարեթյանը:

Դե, իմ կարծիքով, իրականում հմտությունները չեն հնանում, այլ նորերը ձեռք բերելու պահանջն է թարմացվում, ու այսօր լավ հաշվապահ լինելու համար բավարար չէ, որ փորձ ունենաս այդ ոլորտում, պետք է նաև կարողանաս առցանց ներկայացնել հաշվետվությունները, կիրառել էլեկտրոնային ստորագրություններ, բլանկերի ձևեր և այլն և այլն: Իսկ լավ դասախոսներն էլ, հատկապես լեզու դասավանդողները վաղուց են անցել առցանց պարապմունքների, որն ի միջի այլոց, մեծապես նպաստում է իրենց տարիքից և հասարակական կարգավիճակից «նեղվող»  մեծահասակների կրթությանը: Շատերն էլ անցել են համակարգչային տեխնոլոգիաների կիրառմանը` դասերը բուհերում ավելի ինտերակտիվ դարձնելու նպատակով:
Այո, բոլորն էլ ստիպված են ժամանակին համընթաց քայլել և իրենց մասնագիտական հմտությունների մակարդակով համապատասխանել ժամանակակից աշխարհի պահանջներին: Ստացվում է, որ ոչ միայն մեծահասակները պետք է անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերեն, այլև հենց իրենց սովորեցնողները, անգամ այն պարագայում, երբ նրանք երկար տարիներ շարունակ դասավանդել են այդ առարկան և բավական հմտացել իրենց գործում:

Մեր երկրում մեծահասկաների կրության հետ կապված խնդիրներին պետական մակարդակով առաջին անգամ անդրադարձ կատարվել է 2009 թ-ին կառավարության կողմից ընդունված համախատասխան հայեցակարգով: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի բնորոշմամբ` սա առաջին փաստաթուղթն էր, որ թույլ տվեց այս խնդրի համար բացել իրավական լուծումների դռները: Նախարարը չի բացառում նաեւ որ առաջիկայում ոլորտին առնչվող օրենք ընդունվի: Սակայն սա դեռ չի ապահովում մտահղացումների իրականացմանը. հայաստանցի մեծահասակներից շատ քչերն են այնուամենայնիվ նորից իրենց «դպրոցական» զգում առանց կաշկանդվելու: Եվ նրանց մխիթարելու է գալիս պարոն նախագահի հետևյալ միտքը. «Համաշխարհային լավագույն կրթական փորձը ապացուցում է, որ ցկյանս կամ մեծահասակների կրթությունը կրթական համակարգի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս ապահովել աշխատաշուկայի պահանջներին համահունչ աշխատուժի վերապատրաստում, նաև հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին կատարելագործվել ու պահանջված գզալ»:


Դե ինչ, սիրելի մեծահասակներ, մի կաշկանդվեք, երբ ստիպված եք, կամ որ ավելի հաճելի է, ստիպված չեք, բայց հետաքրքրված եք ձեր հմտություններն ու գիտելիքները թարմացնելով. սովորելը միայն դպրոցականների և ուսանողների պարտականություն-առաքելությունը չէ. դա բոլորիս` դեպի բարեկեցիկ և հետաքրքիր ապագա գնալու, զարգանալու միակ եղանակն է, և կրթությունը` որպես գործընթաց, վերջ չունի. կրթությունը անվերջ գործընթաց է:

21.11.2011

Մինչև մահ...

Ինչ ենք անում մինչև մահ?

Սովորում ենք..սովորում ենք ապրել և սովորում ենք, որ ապրենք: Որ լավ ապրենք:
Սովորում ենք միշտ, անգամ հաճախ մեր կամքից անկախ, ու դա հիասքանչ է:
Սովորելը զարգանալու նախապայմանն է. իսկ եթե չենք զարգանում, էլ ինչու ենք ապրում:
Ես սիրում եմ, երբ տեսնում եմ անգլերեն սովորող "տյոտյաներին" ու "ձյաձյաներին", որոնց թիվը,  բարեբախտաբար, գնալով աճում է: Հաճելի է տեսնել, թե ինչպես է թոշակի անցած տատիկը թոռնիկին դասերում օգնելիս կրկին սովորում մոռացածը: Ավելի հաճելի է, երբ մի նստարանի ոմտ իրար կողքի նստում են 16 և 61 տարեկան ուսանողները..բայց այդպիսի բան մեր երկրում ես չեմ տեսել:
Արտասահմանում ընդունված է նորմալ ընդունել մեծ տարիքում նոր մասնագիտություն կամ անգամ առաջին մասնագիտություն ձեռք բերող մարդկանց, իսկ մեզ մոտ` ոչ: Բայց տեսնելով "եվրոպական ստանդարտների" ինտենսիվ ներթափանցումը և ադապտացումը մեր երկրում, կարող եմ հուսալ, որ այդ օրը հեռու չէ:
 Ուղղակի դժվար կլինի, քանի որ անգամ հասարակական տրանսպորտում գիրք կամ ամսագիր ընթերցող ուղևորին այնպես են նայում, կարծեղ այդ "գիտունիկը" Լուսնից հենց նոր իջավ մեր մոլորակ: Այդպիսի հայացքով Լոնդոնում նայում են այն ուղևորին, ով առանց 'կարդալիքի" է տրանսպորտ նստել: Ի միջի այլոց, տրանսպորտում միայն գրքում կարդացածը չէ, որ մեզ կրթում է: Անգամ լիքը ավտոբուսում անհարմարավետ երթևեկելիս մենք այնքան բան ենք սովորում.սովորում ենք մի կերպ կանգնել ու չուշաթափվել, չխեղդվել ու ջղայինների հետ կռիվ չանել, սովորում ենք հանդուրժել ու զիջել: Քիչ բան է?


14.11.2011

Ախ, այդ ժամանակը...

Հարաբերականության տեսության օրինակը մեզ բացատրելիս մեր ֆիզիկայի ուսուցիչն ասում էր, որ երբ սիրուն աղջկա/տղայի կողքին ենք նստած ու իր հետ զրուցում ենք, մեզ մի ժամը մի րոպե է թվում, իսկ մի րոպեն մի ժամ է թվում, երբ չուզենալով դաս ենք անում: 
Բայց ես հիմա չեմ պատրաստվում հարաբերականության տեսությունը քննարկել:
Ես ժամանակի մասին եմ ուզում գրել..և հուսով եմ, որ ժամանակս կհերիքի, որ գրեմ, ձեր ժամանակն էլ կհերիքի, որ կարդաք:
Վերջերս կարծես ինձ անհայտ մի նախախնամությամբ ամեն ինչ, ինչ լսում եմ ու տեսնում, ժամանակի մասին է. ժամանակի մասին ֆիլմ գիտեցի անցյալ շաբաթ օրը, գիրք եմ կարդում ժամանակի մասին, հեռուստացույցով վավերագրական ֆիլմեր են ցույց տալիս ժամանակի մասին, կարդացածս հոգվածներն էլ միայն ժամանակի կառավարման, տնտեսման մասին են...Սա քիչ էր, ընկերներս էլ են սկսել միայն ու միայն ժամանակի մասին խոսել ինձ հետ. կարծես միայն դա է աշխարհում իրենց հետաքրքրում:
Ժամանակն իրոք ամենամեծ կապիտալն է, որ բոլորս ի ծնե ունենք: Միակ կապիտալն է, որ մեզ անվարձահատույց է տրվում: Անվարձահատույց? Իրոք? Սա, իհարկե, վիճարկելի դրույթ է: 
Իսկ ինչ պետք է մենք անենք, որպեսզի հնարավորինս շատ ժամանակ ունենանք? Վազենք? Դանդաղենք?
Իսկ մեզ իրոք պետք է այդ "շատ ժամանակը"? Մենք դրա կարիքն ունենք...երբ չենք հասցնում մեր գործերը...իսկ երբ հասցնում ենք ոչինչ չհասցնել...մեզ ժամանակ պետք է ավելին չհասցնելու համար?

Ժամանակից վախենում եմ...չեմ ուզում, որ այն շատ լինի նրանց համար, ում պետք չէ, ու քիչ լինի նրանց համար, ում այն երբեք չի բավարարում:
Վերջերս մի մարդու գրածն էի կարդում. նրան ասել էին, որ ապրելու մի քանի ամիս է իրեն մնացել. անբուժելի հիվանդությունը քայքայում է իր օրգանիզմը, ու նա գրում էր, թե ինչպես է օգտագործում իր ժամանակը, այդքան քիչ ժամանակը, այդքան թանկ ժամանակը: Պարզվում է, որ նա անում է այն, ինչ միշտ ուզեցել է, ու չի արել: Չէ, Լաս Վեգաս չի գնացել: Ու ոչ էլ Լոնդոնում թագուհու հետ թեյ է խմում: Նա ներողություն է խնդրել իր բոլոր սխալների համար համապատասխան մարդկանցից, այցելել է բոլոր հեռու ու մոտ բարեկամներին ու հաշտվել է նախկին կնոջը կորցնելու մտքին ու վերջինիս մի մեծ զամբյուղ ծաղիկներ է ուղարկել..հենց այնպես...Ու էլի բարի ու բարի արարքներ:
Ժամանակը թանկ է: Չէ, նկատի չունեմ միայն ժամավճարով աշխատող մարդկանց- խոսքը, իհարկե, մարմնավաճառուհիների մասին չէ- ժամանակը ավազի պես է, որքան սեղմում ենք ձեռքներումս, այնքան մատների արանքով սահում կորչում է: 
Ժամանակը տնտեսելու համար պետք չէ շտապել այն խնայելու նպատակով:
Իսկ ժամանակի մասին մտորելու վրա ժամանակ ծախսելը արդեն իսկ ժամանակի վատնում է թվում: 
Թե չէ?
 Չգիտեմ: 
Եթե այո, կներեք, որ ձեզանից խլեցի այս թանկարժեք ու թանկագին 6-7 րոպեն, իսկ եթե ոչ, խմդրում եմ գրել ձեր կարծիքներն այս հարցի շուրջ. ինձ համար կարևոր է յուրաքանյչյուրիդ կարծիքը: 
Շնորհակալ եմ:




Հ.Գ. Պարզապես արժևորենք ժամանակը, երևի: