23.01.2025
Պայմանավորվածություն
Դու հաստատ իրակա՞ն ես։ Ասում ես՝ հա։ Բայց եսիմ։ Հավատալի չի։ Հավատալի չի, որ դու կարող էիր ինձ հենց այդպես գտնել, ոնց այսօր պատմեցիր, որ գտել ես։ Հավատալի չի, որ դու ճիշտ պահին ճիշտ բանալի բառերով ես խոսում։ Հավատալի չի, որ արծանոթ մարդը, ում երկրորդ անգամ եմ տեսնում, ինձ նկարագրում է հինգ բառով այնքան դիպուկ, որքան դիպուկ ինձ սեփական ծնողներս դժվար նկարագրեին։ Հավատալի չի այս հանգստությունը, որ պատում է ինձ հիմա։ Ես հանգիստ եմ քո հետ, քեզ համար, մեզ համար։
Ճիշտ է հոգուդ հետ խաղում եմ (ու ուրախանում եմ, որ ջղայնանաում ես, դե մի քիչ), որ ասում եմ խոսքի մեջ, եթե "մեծանանք", սա կամ նա, կամ երրորդը։ Ես գիտեմ, որ մեծանալու ենք։ Դու էլ գիտես։ Մենք արդեն "մեծ ենք"։
Ես գիտեի, որ դու հենց այսպիսին ես լինելու, ու գիտեի, որ հենց այսպես գալու ես, փոթորիկի պես ներխուժես իմ աշխարհ ու ամեն ինչ տեղը դնես։ Ես գիտեի, որ հենց այս ժամանակահատվածում էլ գալու էիր, ու "նստած սպասում էի"։ Ու որ ինձ ասում էին " դե տանից պիտի դուրս գաս, որ հանդիպես", ես միշտ գիտեի, որ հեչ պարտադիր չի, ու որ երբ ճիշտ պահը գա, ու միլիոն գծեր հատվեն մի տեղ, Արարիչը քեզ կբերի ու կդնի իմ կողքին՝ որտեղ որ դու միշտ պատկանել ես։ Ես ճիշտ գիտեի։
Երևի քեզ երբեք էլ չասեմ, որ հաճախ եմ ուղղակի հուզվում քո մասին մտածելիս։ Գիտեմ, որ էյֆորիան անցնելու է ու մնա մեր պրագմատիկ, վստահելի և ամուր, ոնց որ մենք ենք, կապը։ Բայց հիմա հուզվում եմ։ Վերջապես ինձ թույլ եմ տալիս լինել խոցելի և թույլ, հույզերս արտահայտում եմ։ Հուզվում եմ քո իդեալական լինելուց։ Հա, դու իդեալական ես։ Ամեն ինչում։ Ամեն։ Ինչում։
Մարդ ինչքան համբերատար պիտի լինի, որ իմ ուղեղի որդերին կշտացնի ու ամեն ինչ հանգիստ բացատրի ու բոլոր հարցերին արագ ու ազնիվ պատասխանի։ Ու սա տաս ժամ աշխատելուց հետո։
Շնորհակալ եմ, որ քունս կորցրել եմ քո տված էներգիայից։
Շնորհակալ եմ, որ սիրո երգերը, որ լսում եմ անքնության պահերին, երջանիկ սիրահարվածության մասին են։ Ու որ հասկանում եմ դրանք։
Շնորհակալ եմ, որ եկար հիմա։ Ես քեզ երկար եմ սպասել։ Շատ երկար։ Շատ նվիրված։ Շատ հավատարիմ։
Շնորհակալ եմ, որ միշտ կաս իմ կյանքում։
Պայմանավորվածություն։ Հունվարի 23
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий