21.01.2025

Սկիզբ

Ուզում եմ աշխարհին ասել, որ հանդիպել եմ քեզ, որ դու կաս իմ կյանքում, ու ես կամ քո կյանքում։ Ուզում եմ ֆեյսբուքում ստատուս գրել, ինստագրամում ստորի անել քո դեմքով, քո աչքերով ու քո կզակի խալով։ Ուզում եմ մամայիս պատմել, զանգել պապայիս ասել, որ վերջապես իրանց աղջիկը սիրահարվել է։ Ուզում եմ Գայուշին նկարներդ ուղարկել, ու Անահիտին ասել, որ սիրտս կրակն է ընկել։ Հա, կրակը, որովհետև անդադարար ածուխ ես լցնում դու էս մի փոքրիկ պեծին։ Ամեն առավոտ, ամեն երեկո, ու աշխատանքի ընթացքում անդադար ածուխ ես ավելացնում, որ հանկարծ շունչս չկարգավորվի, որ սիրտս այսուհետ միշտ արագ բաբախի, էնքան արագ, ոնց բաբախում է, երբ նայում ես ինձ։ Ուզում եմ Լիլիթին ու Արևին ասել, որ վերջապես կարող ենք զույգերով դուրս գալ, ու ես ինձ էլ մենակ ու ավելորդ չեմ զգա։ Ուզում եմ բոլոր մերժածս տղաներին լեզու հանել ու ասել, որ ես ճիշտ էի, որ իրանցից լավին կհանդիպեմ, ու որ տեսնեն, թե ով էր ինձ պետք։ Ինձ դու էիր պետք։ Ես քեզ էի սպասում։ Ուզում եմ նկարել ակրիլով, անվերջ վերլուծել մեր համատեղելիությունը մեր ծննդյան քարտեզներով ու համոզվել, որ էս ուժը, որ ձգում է մեզ դեպի իրար ունի հիմքեր։ Ուզում եմ անվերջ Հայկոյի ռոմանսները լսել ու ուղղակի արտասվել էս ինձ պատած էներգիայով։ Ուզում եմ քեզ զանգել կամ գրել, որ իմանաս, թե ինչ եմ զգում։ Անկեղծ նեղվում եմ, որ դու ավելի ազատ ես արտահայտում քո զգացածը, քան ես։ Ուղղակի ես վախենում եմ, շատ վախենում եմ, որ իմ զգացածը բարձրաձայնելով մի քիչ կկիսվեմ քեզնով, մի պատառ կգնա ինձնից, եթե ինչ-որ մեկը լսի քո մասին, կամ կարդա, կամ նկարդ տեսնի։ Որոհետև դու իմ փայ երջանկությունն ես, իմ վաստակածն ես, իմ աղոթածն ես, ու իմ սպասածն ես։ Դու ուղղակի իդեալական ես՝ քո սրտով, հոգով, մտքով, արժեքներով, ուժով, խիզախությամբ, աշխատանքով, ընտանիքով, մեքենայով, ճակատով ու օրթոպեդիկ բարձով։ Բարի գալուստ իմ կյանք, իմ Արև։ Սկիզբ։ Հունվարի 21

Комментариев нет:

Отправить комментарий