
Ամեն անգամ ծննդյանս օրը ամփոփում եմ նախորդ տարին. այսօր էլ բացառություն չի լինի:
Լավ տարի էր, շատ լավ: Եղա նոր երկրներում, սովորեցի նոր բաներ, ձեռք բերեցի նոր ընկերներ, ունեցա կարևոր հանդիպումներ, մասնակցեցի կարևոր միջոցառումների:
Օգոստոսին մամայիս հետ գնացինք հանգստանալու, ծով ու արև ու ավազ ու ծով: Հիասքանչ էր: Սեպտեմբերին մի խումբ հետաքրքիր մարդկանց հետ գնացինք Ֆինլանդիան գրավելու, ճանապարհին մի երկու երկիր էլ գրավեցինք ու շատ ուրախ վերադարձանք, որ Հայաստանն էլ գրավենք, հետ գրավենք, իրականում: Ես հասկացա, որ Ռիգան իմ երազանաքների քաղաքը լինելու բոլոր հնարավորություններն ունի:
Իհարկե դժվար էր ամեն անգամ նորից ադապտացվել հայաստանյան կենցաղին, բայց հաղթահարվեց: Իսկ թե ինչքան ընտիրն էր մեր պատվիրակությունը ու թե որքան եմ սիրում բոլոր "ֆինլանդացիքին" գիտեք` Միմուկս, Վահես, Էլինչիկս ու բոլորը: Շատ հետաքրքիր ու հասուն մարդիկ: Ընտիր ընկերներ:
Ակադեմիական տարին բարդն էր: Դժվար էր երկու տեղ միաժամանակ մագիստրատուրայում սովորել ու դա անել գերազանց առաջադիմությամբ, ու որ ամենակրևորն է, ոչ թե ձևի համար, այլ հանուն բովանդակության: Պիտի համեսություն չանեմ ու ասեմ, որ ինձ դա հաջողվեց: Թեզերս էլ գրեցի, պաշտպանեցի ու գերազանցներս ստացա: Ուրախ եմ: Ավարտեցի: Ավարտեցի, որ ընդունվեմ: Ընդունվեցի ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ` ասպիրանտուրա. հիմա ես էլ չեմ հասնակում, թե որտեղից իմ մեջ այդքան ուժ ու եռանդ, որ չորս օրում հասցրի պարապել ու ապացուցել, որ արժանի ասպիրանտ եմ, բայց կարողացա:
Աշխատատանքի մասին չեմ գրում. դեռ էն մտքին եմ, որ Հայաստանում լիքը գործ կա, ու ով փնտրում է, նա գտնում է: Միանշանակ: Մարդու մտքին լինի: Ես գտնում էի, երբ մտքիս լինում էր գտնել: Մի քանի լավ պրոյեկտ եմ արել, գոհ եմ:
Մտածելակերպս շատ չի փոխվել. դեռ անուղղելի լավատես եմ` իրատեսության հիմքերով: Ես վստահ եմ, որ կյանքն արդար է, վստահ եմ, որ ինչ կիսում ենք, կրկնապատկվում է, մի պահ չեմ կասկածում, որ ամենքս մեր արժանին ենք ստանում:
Բարդություններն անխուսափելի են, բայց միշտ հետագա ելքը ցույց է տալիս, որ ամեն ինչ դասավորվում է ավելի լավ, քան մենք էինք ակնկալում: Երբեմն դա շատ ուշ ենք գիտակցում, բայց գիտակցում ենք:
Այսօր ես ավելի լավն եմ, քան անցյալ տարի, ավելի շատ եմ աշխատւմ ավելի լավը դառնալու համար: Ես համառ եմ, երբ դա պետք է, ու զիջող` երբ համառությունն արդարացված չէ:
Ես երջանիկ եմ, որովհտև ես հարուստ եմ: Իսկ ես հարուստ եմ. իմ կյանքում կան գանձ-ընկերներ, արժեքավոր գործընկերներ, նվիրված բարեկամներ, հավատարիմ ծանոթներ, ու իմ կողքին կա մայրս` իմ ակունքը: Մենք ապրում ենք: Ես տեսնում եմ, լսում, քայլում, զգում...ես զգում եմ երջանկությունը, որովհետև ես երջանիկ եմ:
Ավանդության համաձայն, ներողություն եմ խնդրում բոլորից, ում ինչ-որ կերպ նեղացրել կամ անհանգստացրել եմ, ու խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր կողքիս են, ընդունում են ինձ, հարգում, սիրում, հարստացնում, երջանկացնում:
Կյանքը հիասքանչ է...ես երջանիկ եմ...
Աստված պահապան բոլորիս, շնորհակալ եմ...
Комментариев нет:
Отправить комментарий