16.01.2026
Ընտանիք կազմելու համար պետք է էգոիստ լինել
Ընտանիք կազմելը պատասխանատու և վախենալու որոշում է։ Միշտ էլ եղել է։ Հիմա՝ ավելի շատ։ Կանայք վախենում են կորցնել իրենց ինքնուրույնությունը և ազատությունը, տղամարդիկ չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, մեծանալ։ Երբ ընտանիք ես կազմում քո եսը պետք է երբեմն զիջի ընդհանուր մենքին, ու ոչ բոլորն են դրան պատրաստ։ Հատկապես այսօր, երբ սոցիալական մեդիան սովորեցնում է լինել էգոիստ ու մտածել միայն սեփական շահի մասին։ Բայց ես կարծում եմ, որ էգոիզմը գիտակցաբար միայնակ մնալը չէ, այլ հենց ընտանիք կազմելը, ու ասեմ, թե ինչու։
Երբ ես մենակ էի, ես չգիտեի, թե որքան փոքրիկ կենցաղային հաճույքներ կարող է բերել միասին լինելը։ Օրինակ, նախկինում ես ամանները լվանում էի փոդքաստներ լսելով, իսկ հիմա՝ ամուսնուս հետ խոսելով և կատակներ անելով։ Նախկինում երեկոյան ես քնում էի գիրք կարդալով, հիմա էնքան ենք խոսում, որ ուղեղներս չի անջատվում ու վեր ենք կենում գնում ենք կեսգիշերին զբոսնելու կամ ճաշելու։ Ես վերջերս հասկացա, որ իրեն իսկապես սիրող մարդը պիտի ամուսնանա, ընտանիք կազմի, և ունենա այս վայելքների հասանելիություն։
Եթե մարդու բախտը բերել է ու ամուսնացել է մեկի հետ, ով իրեն գոնե մի քիչ հարգում ու մի խազ սիրում է, ուրեմն իրեն հիմա մի սիրտ ավել է սիրում, ու այդ սիրտը ամենօրյա ռեժիմով հոգ է տանում, սեր է տալիս, ու միասին կյանքը վայելելը և բարդությունները հաղթահարելը շատ ավելի տանելի է։
Միշտ լսել եմ, որ "եսիմով" տենց էլ էգոիստ մնաց ու երեխա չունեցավ։ Մարդ պիտի էգոիստ լինի,որ երեխա ունենա։ Մարդ պիտի իրեն իսկապես շատ սիրի, որ ուզենա ինքն իրենց վերարտադրել։ Մարդ պիտի ծայրաստիճան էգոիստ լինի, որպեսզի գիտակցաբար երեխա ունենա իր սիրելի մարդուց՝ իրենց սիրո խտացված պտուղը։ Ու պետք է էգոիստ լինել, որ ամեն օր նայես, թե ինչպես է ձեր ստեղծածը մեծանում, կայանում, սխալվում, ճիշտ ուղու վրա կանգնում։
Երբ ամուսնությունից հետո ինձ քույրս հարցրեց, թե ոնց եմ, ասեցի, որ երջանիկ եմ։ Ինքն էլ հարցրեց՝ արդյոք մինչև դա երջանիկ չէի։ Երջանիկ էի, իհարկե, բայց դա ուրիշ "երջանիկ" է։ Ես միշտ էլ սիրում էի ճամփորդել, բայց ամուսնուս հետո ավելի եմ սիրում։ Ես միշտ էլ վայելում էի լողալը, խաչբառ լուծելը, համով բաներ ուտելը, տաք սուրճ խմելը, գիրք կարդալը, բայց միասին լրիվ ուրիշ է։ Ու ես վերջերս թասիբս հավաքեցի ձեռքս ու ընդունեցի, որ սա ա էգոիզմը, ու ոչ թե միայնակ մնալը։
Հիմա կգրեմ միտք, որ կընդունեն ու որի հետ կհամաձայնեն միայն այս ուղին անցնողները։ Մարդը իսկապես զարգանում է որպես անհատականություն և հոգի՝ միայն զույգի մեջ, իր անձնական կյանքի պարտնյորի հետ։
Այսօր լրանում է ամուսնում հետ ծանոթանալու մեկ տարին, մեր ամուսնության՝ երեք ամիսը, և մեր առաջնեկի ներարգանդային կյանքի տասներեքերորդ շաբաթը, ու մի բանում վստահ եմ, որ ես այսքան էգոիստ երբեք չեմ եղել։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий