04.07.2013

Իմ աչքերը

Իմ աչքերը, որ սկսել են լավ տեսնել,
Ինձ սպառում են, ու սկսել են կկոցվել:
Այն ամենը, ինչ ես առաջ չեմ տեսել, 
Հիմա եկել ու սկսել է դուռ թակել:

Իմ երազած, իմ հավատքի աշխարհը
Փուլ է գալիս ստի, ցավի ափերում:
Իմ կառուցած, իմ փայփայած աշխարհը
Ապահով չէ իմ պինդ փակված կոպերում:

Վախենում եմ, չեմ ուզում դեռ  հանձնվել:
Թող վատ տեսնեմ, բայց ամեն ինչ չտեսնեմ:
Թող չլինեմ հիասթափված, շփոթված,
Թող վատ տեսնեմ, թող խաբեն, թող խաբնվեմ...

Օտարս

Ես վերցրել եմ քո պատյանը, որն այնքան մոտ է իմ երազների ասպետի պատյանին ու լցրել եմ իմ երզների ասպետի որակներով, որոնց մի մասը դու չունես, բայց ձևացնում ես թե ունես, մի մասը ունես, բայց ինձ համար չեն: Սակայն պիտի նաև խոստովանեմ, որ ունես այնպիսի որակներ, որոնք միայն ինձ համար ես պահել հոգումդ ու միայն ինձ ցուցադրել: Բայց դա բավարար չէ...միևնույն է, օտար ես:
Ինձ քեզ մոտ չես թողնում , դուռը բացում ես, բանալին տալիս ձեռքս ու կանգնում դռան դիմաց: Հարգում ես ինձ ամենից շատ, վստահում բոլորից առավել, սիրում, ինչպես երբեք ու ոչ ոք, բայց դա էլ բավարար չեղավ...միևնույն է՝ օտար ես:
 Միասին անցկացրած մեր ամեն վայրկյանը, ամեն ժպիտը, որ դրոշմել ես հպարտ երեսիս, գրոշ չարժե այն անթիվ հիասթափված հոգոցների ու խոժոռված ունքերի դիմաց, որ շռայլել ենք միմյանց: Դու օտար ես:
Այն ամենն, ինչ սովորեցրել ես ինձ, այն ամենն, ինչ փոխանցել ես ինձ, չեն արժեցել այնքան, որ թույլ տաս քեզ իմը համարել: Միևնույն է՝ օտար ես:
Երևի այսպես էլ կլինենք ամբողջ կյանքում՝ չկայացած սիրեցյալներ, կիսատ հարազատներ, իրար հետ համակերպվելու համար չափազանց հարմար զույգ՝ արյունակից եղբայր ու քույր, երազակից հարևաններ, որ իրականում իրար օտար են:
Ու հիմա ցավոք պիտի ազնիվ լինեմ, ու ցավոք, օտարս, պիտի ընդունեմ, որ իմն էլ է մեղքը այն վշտիս համար, որ մենք այնուամենայնիվ օտար ենք:

27.05.2013

Հոգնել եմ

Թող ինձ, սիրելիս, թող ինձ ու գնա,
Հոգնել եմ արդեն ես քեզ տեսնելուց,
Վեր կաց ու գնա, հայացքդ էլ պարզիր,
Հոգնել եմ ժպիտդ ես վերծանելուց:

Խոսում ես մի բան, մտածում՝ մեկ այլ,
Զգում ես մի երրորդ, չորրորդ մի զգացում,
Իսկ ես, որ պետք է ամենն էլ զգամ,
Հոգնել եմ, էլ չեմ ուզում հասկացում:

Հոգնել եմ երկար ու լուրջ զրույցից,
Հոգնել եմ կողքիդ միշտ լուռ լինելուց,
Հոգնել եմ անգամ հանուն քո սիրո
Իր երազանքներից հետ կանգնող ինձնից:

Հոգնել եմ քեզնից, հոգնել եմ մեզնից...
Ես հանձնվում եմ...

Չափսոսալ

Չափսոսալ ոչ մի բան ու երբեք չափսոսալ:
Չափոսալ, որ նվիրվել ես, ու միգուցե չես ստացել այնքան, որքան ակնկալել ես: Չափսոսալ, որ առհասարակ ակնկալել ես: Հա, կարդացել ես իմաստուն աֆորիզմներ չակնկալելու մասին ու ակնկալել ես:
Չափսոսալ, որ սպառվել ես, ինչ ունեիր կամ ինչ ուզում էիր արել կամ չես արել ու սպառվել ես:
Չափսոսալ, որ թախծել ես, որ կարոտել, հուսացել, հիասթափվել ու լքվել ես:
Չափսոսալ երբեք...Չափսոսալ, որ սիրել ես: Չափսոսալ, որ երբևէ ինչ-որ մեկին քեզնից բարձր ես դասել :
Չափսոսալ, որ հոգնել ես, որ ուժերդ սպառել ես, որ մարդկանց հետ քաղաքավարի շփվելուց դիմակավորվել ես: Չափսոսալ, որ կորել ես..քեզ կորցրել ու թաքցրել ես...Չափսոսալ, որ ապրել ես...Չափսոսալ, որ ներել ես:
Չափսոսալ, որ ափսոսել ես...
Չափսոսալ երբեք...երբեք չափսոսալ

13.01.2013

Ամեն ինչից` մի քիչ-մի քիչ

   Իմ կյանքում միշտ ամեն ինչ այսպես է եղել: Ու կա: Ամեն ինչն էլ ինձ հետաքրքրում է: Ու ամեն ինչին էլ ժամանակ, էներգիա, ուշադրություն եմ հատկացնում: Բայց մեկ-մեկ ինձ թվում է, թե դա ճիշտ չի: Ճիշտ է կենտրոնանալ մի բանի վրա ու դա խորությամբ ուսումնասիրել, թույլ տալ, որ այդ մի հետաքրքրությունը կլանի քեզ ամբողջությամբ: Ես հասկանում եմ, որ դա ճիշտ է...բայց ոչ ինձ համար: Ես այդպիսին չեմ: Փորձել եմ, չի ստացվում:
   Ես պիտի միշտ տարված լինեմ շատ բաներով: Եթե օտար լեզու ուսումնասիրել, ուրեմն առնվազն երեքը: Եթե նկարչի գործերը նայել, ապա առնվազն նույն ոճի երեք ներկայացուցիչների հետ միասին: Եթե աշխատել, ապա գոնե երկու տեղ: Եթե սովորել, գոնե երկու մասնագիտացումներով:
   Գիտեք, որ այդպես էլ անում եմ: Միշտ արել եմ...Դա սկսվեց, երբ միջնակարգ դպրոցին զուգահեռ սկսեցի երաժշտական դպրոց հաճախել: Հետո պարն ավելացավ: Հետո դրանց փոխարինեցին ընդունելության քննությունների համար անհրաժեշտ առարկաների պարապմունքները. կրկին առնվազն երեքը:
   Երբեմն ինձ թվում է, որ սխալ եմ անում: Շատ եմ ուզում մի բանի վրա կենտրոնանալ ու խորությամբ ուսումնասիրել: Օրինակ` իսպաներենը: Բայց ոնց? Բա մի հատ ֆրանսերենով լեզուս չկոտրեմ? Այնպես, որ չկարողանամ ճիշտ արտասանել բառերը..որ խառնեմ ամեն ինչ իրար: Բա մի հատ էլ իմ անգլերենով ուղեղումս լեզուների քերականական  ու համակարգերի նկարագրերը վերջնականապես չխառնեմ իրար? Անհնար է...
   Սիրում եմ լողալ...Բայց միայն լողով զբաղվել չեմ սիրում: Պիտի գոնե վազեմ կամ քայլեմ:
   Սիրում եմ անգլերենս, սիրում եմ: Բայց իսպաներենն ու ֆրանսերենն իմ կիրքն են:
   Սիրում եմ կարդալ, շատ եմ սիրում: Բայց ստեղծագործել ու քննադատել էլ եմ սիրում:
   Ու ինչքան սիրում եմ երգեր լսել, երեք այդքան սիրում եմ ինքս երգել ու նվագել:
   Ու ոնց եմ սիրում պատրաստել ու համով բաներ ուտել:
   Ամեն ինչից` մի քիչ- մի քիչ:
   Այսպես էլ կապրեմ միշտ:
   Ամեն ինչից գաղափար կունենամ, բայց ոչինչ էլ մինչև վերջ չեմ յուրացնի:
   Իսկ դա հնարավոր է? Ով է ինչ-որ բան մինչև վերջ յուրացնում? Երևի մեր երազանքների իդեալական մարդը, ով գոյություն չունի անգամ իմ պատկերացումներում....

14.12.2012

Մատիտի մասին

Երբևէ պատահել է, որ բթացած մատիտը վերցնեք, որ ծայրը մի փոքր սրեք, ու կոտրվի?
Պատահում է չէ?
Վերցնում ես մատիտը, մտցնում սրիչի մեջ, կես պտույտ էլ չես հասցնում անել, ու այն կոտրվում է: Երբեմն անգամ ոչ թե ծայրից, այլ փայտն էլ հետը: Ինչու?
Որովհետև պահը որսալ է պետք:
Մարդիկ էլ են մատիտի նման. մի վայրկյան ուշացրիր, կոտրվեց:
Իսկ ինչ է լինում կոտրված մատիտը? Պտտում ես, պտտում, պտտում ու էլի սկսում է գրաֆիտով ծայրն երևալ: Ու էլի պիտանի է: Կամ ուրախանում ես, կամ կարծում, որ այդպես էլ պիտի լիներ: Բայց չէ որ կան մատիտներ, ու թույլ տվեք` նշեմ, բավական որակյալ մատիտներ, որոնք չգիտես ինչու կոտրվում են ու այդպես էլ շարունակում չսրվել..անընդհատ կոտրվելով, մատիտը դրսից նույն փայտն է, իսկ գրաֆիտը ճաքել է ու կոտրվել, էլ չես կարող կյանքի կոչել, պիտի նորը գտնես: Իսկ միգուցե դա քո սիրելիի նվիրած մատիտն էր: Միգուցե դա այն մատիտն էր, որը քեզ մայրդ էր նվիրել, միգուցե ընկերուհիդ, միգուցե հարևանի երեխան, միգուցե անտունը, միգուցե գտել էիր պատահաբար, միգուցե...Միգուցե այդ մատիտն ուղղակի քոնն էր...Միգուցե...
Սա էլ իմ մտորումների աղբյուրը...այրել խարույկի վրա '-)
 Իսկ մարդիկս նման ենք մատիտների:

08.11.2012

Ինչքան եմ փոխվել ես

Սկզբում հաճելի էր, երբ ծանոթներս ասում էին, որ փոխվել եմ, բայց հիմա նեղվում եմ. չեմ փոխվել, գտել եմ:
Երբ ներսդ լավ է, դուրսդ էլ է փայլում: Հաշվի առեք` որ "լավ" չի նշանակում հանդարտ: Իմ պարագայում` հանդարտ, խառը, բուռն, անտարբեր, թեժ...
Ուղղակի ավելի ուժեղ եմ զգում կյանքի համը. ոնց որ կյանքիս վրա դարչին ու մեխակ լցրած լինեմ:
Ուղղակի սկսել եմ ապրել պահով, երջանկանալ պահով, չտխրել, չհիասթափվել, այլ ընդունել ամենն, ինչ ինձ համար է:
Էլ չեմ ընբոստանում, էլ չեմ փորձում հեղափոխություններ անել. կարևորը` ես ինձ ճիշտ պահեմ, ճիշտ, որ հետո չփոշմանեմ:
Պետք է անել այն, ինչ ուզում ենք. կյանքը կարճ է վարանելու ու սեփական ցանկությունները առանց հիմնավորման մոռացության մատնելու համար: 
Պետք է թեթև ապրել, վայելել, ժպտալ ու փայլել:
Եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, կհասկանանք, թե որքան հաճախ է ամեն ինչ առանց մեր միջամտության դասավորվում այնպես, ինչպես մենք էինք ուզում, բայց հավանաբար ամաչում էինք արտահայտվել:
Վստահեք ինքներդ ձեր բախտին ու հաջողությանը ու երջանիկ եղեք: Փայլեք: