12.10.2011

Սիրում եմ աշունը

Սիրում եմ, երբ տերևները վազվզում եմ օդում:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հանդիպելու:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել":
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես:
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես ու անջատում հեռախոսը` գրեթե բղավելով, որ "ՍՊԱՍՈՒՄ ԵՍ ՉԷ?"
Սիրում եմ, երբ տերևները վազվզում են օդում, իսկ ես վազում եմ քեզ հետ հանդիպելու, ու դու զանգում ես, որ հարցնես, թե որտեղ եմ հասել, ու ես խաբում եմ, թե նոր եմ տանից դուրս եկել, բայց իրականում քո մեջքի հետևում եմ լինում, ու դու փնթփնթում ես` թե "չէիր կարող արագացնել", ու ես ներողություն եմ խնդրում, բայց դու միևնույն է ջղայնանում ես ու անջատում հեռախոսը` գրեթե բղավելով, որ "ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ?, ու հենց ամբողջ ուժով ընկնում ես խեղճ նստարանի վրա, որը մեղավոր չէր, որ ես քեզ խաբում էի, ես հետևից ամուր-ամուր գրկում եմ քո թիկունքը ու շշնջում` 'Սիրում եմ աշունը...Շոպենի դո դիեզ մինոր վալսը...շոկոլադ..մեկ էլ` ՔԵԶ":



23.07.2011

Նայում եմ քեզ

Ես նայում եմ քեզ, նայում եմ,թե դու ոնց ես նայում մարդկանց, ընկերներիդ, փաստաթղթերիդ, մեքենայիդ ղեկին, հեռախոսիդ էկրանին, ծնողներիդ, երկինք, ինձ...Ես նայում եմ քեզ ու հասկանում եմ, որ դու ամենագեղեցիկն ես, որ աչքերս կարող են տեսնել. սիրում եմ նայել քեզ, երբ աշխատում ես, սիրում եմ նայել քեզ, երբ նվագում ես, սիրում եմ նայել քեզ, երբ ինձ ես նայում, սիրում եմ նայել քեզ, երբ դու նյարդայանանում ես, որ անվերջ քեզ եմ նայում: Սիրում եմ նայել, թե ինչպես ես հայացքդ բարձրացնում երկինք ու ժպտում արևին, սիրում եմ նայել, թե ինչպես ես չուզենալով դուռը փակում հետևիցդ, սիրում եմ նայել, թե ինչպես ես ձեռքդ մեկնում, որ դուռը բացես ինձ համար, սիրում եմ նայել, թե ինչպես ես ամեն անգամ ինձ տեսնելիս ակնոցդ հանում, որ նայեմ աչքերիդ, հետո էլի դնում, որովհետև նյարդայնանում ես երկար ու ծանր հայացքիցս: Սիրում եմ նայել քեզ, սիրում եմ նայել աչքերիդ, սիրում եմ նայել ձեռքերիդ, սիրում եմ նայել շուրթերիդ, սիրում եմ նայել քեզ: 

21.07.2011

Վատնելու մասին





Ասում են` վատնելը մեղք է: Ստացվեց` բոլորս մեղանչում ենք ամեն օր, օրը մի քանի անգամ:
Իրոք, բոլորս էլ վատնում ենք..մեր ժամանակը, մեր փողերը, մեր սերը, մեր ուշադրությունը, մեր հոգատարությունը, մեր գիտելիքներն ու աշխատանքը, այն ամենն, ինչի արժեքը մի պահ մոռանում ենք:



Երբեմն պառկում էի քնելու մեղքի զգացումով, որովհետև չզանգեցի մորաքրոջս, չտեսա ընկերոջս, չներեցի սխալվածին, չբարձրացրի ընկածը, չուզեցա այն, ինչից վախենում էի, մի խոսքով բաց թողեցի հնարավորությունը: Իսկ հնարավորությունները միշտ չեն լինում:
Վերջերս քնելուց առաջ ուրիշ բաների մասին եմ մտածում, ուրեմն քիչ եմ վատնում: Վատնելը մեղք է, քանի որ կյանքը կարճ է, բա, տխուր ավարտ..Աչքդ թարթում ես, կյանքդ անցնում է, իսկ դու այնքան հնարավորություններ ես վատնել` ալարելով ու վախենալով....

27.06.2011

Արի խոսենք

Արի, նստիր դիմացս, արի խոսենք:
Նայիր աչքերիս, հայացքիս ծանրությունը վայելիր, զգա այն, ինչից փախչել ես այսքան ժամանակ: Ես քեզ շատ բան կասեի..կասեի այն ժամանակ, հիմա ոչինչ չեմ ուզում ասել: Գիտես` երբ մեկը տանում է քո ջերմությունն ու հոգատարությունը, դու քամված ես մնում: Քամված ես մնում այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշը չի տվել քեզ այն, ինչ տարել են քեզանից: Գիտես, դու իհարկե վատ մարդ չես, բայց ինձ համապատասխան չես. ես չեմ սիրում անբաններին, չեմ ներում թույլերին, ատում եմ ուրացողներին, զզվում եմ վատնողներից: Իսկ դու այդպիսինն ես: Թվում է, թե դու այնքան մեծ գործ ես անում, պատվելի, բայց դու անբան ես, անգործ, թույլ, սահմանափակ մարդ: Ինձ ցավ է պատճառում այժմ իմ կյանքում քո բացակայությունը, բայց դա ավելի հաճելի է, քան միակողմանի նվիրվածությունը: Դու էլ էիր ինձ նվիրված, բայց ինչ պատահեց? Ինչու պաղեցիր? Քեզ տարա իմ թշնամին? Նա, ով այդքան բարեհամբույր է իմ նկատմամբ, տարել է քեզ ինձանից? Նա քեզ ավելի հետաքրքիր է? Ավելի հաճելի? Դե ինչ, ուրեմն դու էլ կանցնես այն մարդկանց շարքը, ում ես ներում եմ, շարունակում եմ սիրել, բայց դադարում եմ անհանգստանալ ու նվիրվել:
Արի խոսենք, նստիր: Չես ուզում? Զբաղված ես? Ժամանակ չունես?

26.06.2011

Չգիտեմ

Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու են բոլոր մարդիկ շեշտում, որ ամենաառաջնահերթն իրենց համար այն է, որ դիմացինն անկեղծ լինի իրենց հետ, բայց իրականում պատրաստ չեն ընդունել այդ անկեղծությունը: 
Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ բոլոր տղաները հիանում են ինքնուրույն, ուժեղ և խելացի աղջիկներով, բայց նախընտրում են "լուրջ նպատակով" հարաբերություններ ունենալ հլու-հնազանդ, հիմար ու հեշտ համոզվող աղջիկների հետ:
Ինձ պարզ չէ. թե ինչու են հաճախ խելացի մարդիկ տառապում հիմարների պատճառով և/կամ համար:
Չգիտեմ ինչու են մարդիկ ավելի շատ սիրում ոչ թե նրանց, ոքեր իրենց են լավություն արել, այլ նրանց, ում իրենք են լավություն արել:
Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ոնց կարելի է պնդել, որ մեկը նախանձ չէ, երբ դա բնական հատկանիշ է, որով օժտված են բոլոր մարդ-արարածները:
Չեմ հասկանում` ինչու է p=3.14:

20.06.2011

Ծնունդս Շնորհավոր

  Ես միշտ չեմ սիրել իմ ծննդյան նախօրյակը. դժվար է գիտակցել, որ մեկ տարի էլ գլորվեց անցավ ու ավելի դժվար էր խոստովանել, որ այնուամենայնիվ շատ բաներ, որ պլանավորել էի անել, չարեցի ինչ-ինչ պատճառներով: Այս տարի այլ է: Որովհետև այս տարի ես հաղթել եմ ժամանակին: Ամեն ինչ չէ, բայց շատ գործեր եմ արել, մեծ հաղթանակներ ունեմ թիկունքումս. ուստի հպարտ եմ ինձանով:
 Անցյալ տարի այս օրը Հռոմի փողոցներն էինք չափչփում մայրիկիս հետ, հետո գնացինք հրաշալի Ֆոնտանա դի Տրեվիի դիմացի ռեստորանում աշխարհի ամենահամեղ սպագետին ու գինին վայելեցինք: Ծննդյանս օրերից ամենաանմոռանալի էր հենց 20 ամյակիս օրը. ես այդ օրն ասացի "Մամ, ուզում եմ հենց հիմա հենց այստեղ մեռնել", չէ, դեպրեսիայի մեջ չէի, ուղղակի Սիքստինյան կապելլայում էի, ամենաթանկ մարդն էլ` կողքիս. ինչ վատ պայմաններ են փառավոր մահվան համար? Բայց դիմացա, տեսա հրաշքներ ու վերջնականապես որոշեցի աչքերս ապահովագրել: Իտալական տասնյակ քաղաքնում եղա ու մի լավ հարստցած` հոգեպես և ֆիզիկապես, վերադարձա տուն: Ընդունվեցի իմ ցանկացած երկու բուհերը, միաժամանակ երկու բուհում մագիստրատուրայում առկա ուսուցում ստանալու պատիվը ու պատիժը շատ մարդ չի հաղթահարել. ես այդ եզակիներից եմ, ու ի միջի այլոց, օրենքը պատժում է նման հանդգնության համար: բայց ես գոհ եմ, ու դա էլ բավարար չէր, սկսեցի աշխատել: Հպարտ եմ, որ քայլեր եմ անում լրագրության ոլորտում, մեծ պատիվ է լինել "Հայաստանի գիտական լրագրողներից" մեկը: Բացի այդ այս տարի մի կայք էլ թարմգանեցի մաիտրայից, որը ուտով պատրաստ կլինի արդեն: Ուրախ եմ: Եղա իմ ցանկացած երեք վայրերից երկուսում, մնում է Անի գնամ, Անիս տեսնեմ, ու չմեռնեմ: Շուշի..որքան էր սպասում, որքան հասունացա այդ 2 օրում, ինչքան բան հասկացա...
Տաթևն էլ ինձ ուրախացրեց, հրաշք վայրեր...
Լավ ընկերներ ձեռք բերեցի, լավ ընկերների կորցրի, եղբորս կորցրի ու հասկացա, որ իր մահից հետո իրեն գտա ու ինքը միտ մեջս է, կողքիս է, ուսիս է, ամենուր է...
Սիրում եմ իմ դասախոսներին. դասեր մի կողմ..իրենք ինձ ապրել են սովորեցնում, մարդկային հարաբերություններ են ցույց տալսի, սիրում եմ բոլորին, անչափ շատ եմ հարգում ու գնահատում:
Սիրում եմ ինձ` Լոնդոնում վերգտած: Պատահաբար ստացվեց ճանապարհորդությունս Լոնդոն: Հեչ ոգևորված չէի, մի տեսակ շշմած էի, չէի հասկանում` ուր եմ գնում ու ինչու:
Բայց հիմա հասկանում եմ, որ իմ սիրտը Սարոյանի սրտի լեռներից մի քանի հարյուր մետր ցածր անգլիական դաշտերում է: Ես ինձ գտա Լոնդոնում ու ես ինձ կորցրի Լոնդոնում: Հրաշք էր Լոնդոնը: Ինձ տվեց նաև լավ ընկերների` ի դեմս Գայանեի, Կարինեի, Սերգեի, Աիդայի և այլոց:
Նախորդ տարի ես հասկացա, թե ինչու են ինձ մկրտել հայ առաքելական եկեղեցում. իմ մեջ զարթնեց հայ առաքելական եկեղեցում մկրտված քրիստոնյան, ու դա միմիայն ավելի լավը դարձրեց ինձ:
Թևակոխում եմ քսանմեկերորդ տարիս ու գիտեմ` այս տարի ավելի լավ է լինելու, ավելի մեծաքանակ ու խոշոր են լինելու հաղթանակներս, ավելի ճիշտ շրջապատում եմ լինելու, ավելի երջանիկ եմ լինելու, ավելի իմաստուն եմ լինելու, լավ ընկերներ եմ ունենալու, մայրս ավելի առողջ ու հաջողակ է լինելու, կեսս էլ այսուհետ միշտ կողքիս է լինելու: Այսուհետ ավելի լավ է լինելու:
Ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում այս տարում հասցրել եմ ինչ-որ կերպ ցավ պատճառել, գիտեք, ես իրականում ավելի լավն եմ, քան ցույց եմ տալիս: Ուզում եմ շնորհակալ լինել բոլորից, ով կա իմ կողքին ու ով չկա. ուրեմն այդպես էր ճիշտ: Շնորհակալ եմ, որ ինձ լքեցին ոմանք, շնորհակալ եմ, որ ինձ միացան ոմանք, շնորհակալ եմ, շնորհակալ եմ: Ես երջանիկ եմ, ես կատարյալ չեմ, իհարկե, բայց միանանակ ճիշտ ուղի եմ ընտրել նպատակներիս հասնելու համար: Սիրում եմ կյանքս ու բոլորի իմ կյանում: Ծնունդս Շնորհավոր