27.04.2014

Քեզ տես կամ կիրակնօրյա խոկում


   Ես քայլում եմ արևի տակ...այքան ուրախ եմ..այնքան գոհ ու թեթև..Մտնում եմ եկեղեցու բակ, ու չնայած` կիրակի է, հարսնքավորների եմ տեսնում բակում: Ուրախ են ու զվարթ: Հետն էլ կիսամերկ ու խիստ շպարված: Տղամարդիկ ծխում ու թքում են, լամբորջինիների դռները բաց են, ու եկեղեցու բակում ջահելներին երանի տվող պապիկներին են հրամցնում ռուսալեզու ռաբիսի հնչյունները: Մտնում եմ եկեղեցի ու չեմ կարողանում ինձ տիրապետել: Ինչքան մեղսավոր եմ ես, որ փոխանակ գլուխս կախ աղոթքս անեմ բաց ոտքերով, անգլխաշոր ու լաքից ծանրացած վարսերով ու խորանի ֆոնին նկարվողներով եմ տարվում...հետո մի կերպ տիրապետում եմ ինձ ու մտածում."Հիմա ով է ավելի մեղսավոր. նրանք, որ իրենց այսպես են պահում, թե ես, որ դա նկատում ու դատում եմ: Ես: Թեման փակ է:"

   Հետդարձին մտածում եմ. ճիշտ է ասում մեծ մտածողը` քաղաքավարությունը ոչ թե վրադ ապուր չթափելն է, այլ մյուսների թափելը չնկատելը: Ու միանգամից աչքիս առաջ եկան ամբողջ շաբաթվա ընթացքում թափված ապուրները: Որքան եմ սխալվել, երբ կոպտությանը անտարբերությամբ եմ պատասխանել մի պահ..մինչև որ կհիշեի, որ խփում են թույլերը: Որքան մոլորյալ էի, երբ ցուցամոլությունն էի ընդունել, երբ ուղղակի ուզում էի ազատվել դեռահասության տարիներին ձեռք բերած թերարժեքության բարդույթից: Որքան էի սխալվում, երբ դատում էի հարազատիս, ինքս ինձ մխիթարելով, թե ես նրա նման չեմ: Ախր կոպտում են անզորները: Պետք էր գնալ գրկել կոպտողին ու խեղդել իմ սիրով, ոչ թե անտարբեր ուսերս թոթել:
   Երանի հաջորդ շաբաթ ունենամ բավական իմաստություն, որ միայն ինձ քննեմ, ինձ դատեմ, իմ արարքները գնահատեմ, ու վստահ եմ` դիմացինին դատելուն չեմ հասնի:

Комментариев нет:

Отправить комментарий