Սիրում եմ լինել կատարյալ երջանիկ...
Սիրում եմ ուղեղս անջատել, դադարել մտածել դասերս ու գործերս հասցնելու մասին, ազգականներիս ու ընկերներիս անհրաժեշտ չափաբաժին սերն ու ուշադրությունը հատկացնելու մասին, չեմ հոգում, թե արդյոք արևային ակնոցս մաքուր ու մազերս լավ հարդարված են, ինձ չի հուզում, թե արդյոք ես ինձ ճիշտ եմ պահում կամ սխալ, ուղղակի համապատասխանաբար շնչում ու արտաշնչում եմ հնարավորինս մեծ քանակությամբ թթվածին ու ածխաթթու գազ, ու ուղղակի ապրում եմ, ուղղակի ժպտում եմ անկախ իմ կամքից, ինքնաբերաբար ծուռմռտիկ ատամներս բացում եմ ու աչքերս լայն ժպիտից փակվում են..ու ես երջանիկ եմ..մի պահ...երկու պահ...ու հաջորդ պահին ....ու էլի նույն առօրյան գալիս ու մարտին հալվող ու տանիքից ամենաանհարմար պահին ընկնող սառույցի պես ընկնում է գլխիս, ստիպում վայր իջնել ու նորից անձեռոցիկը հանել ու ակնոցս մաքրել, ձեռքերով փորձել շտկել քամուց գզգզված վարսերս, փակում եմ առաջվա պես ծուռմռտիկ ատամներս, ու սկսում եմ ապրել բոլորի պես:
Ու էլի չափից շատ գործ ու խառը դասեր, ու էլի լիքը տրանսպորտ, ու էլի առավոտ վաղ արդեն ջղային մարդիկ հասարակական տրանսպորտում ու փողոցում, ու էլի թանկուկրակ գներ էլիտար սուպերմարկետներում... ու մենակ մի հույս է ինձ ուժ տալիս, որ դիմանամ, համառեմ, այն հույսը, որ շաբաթվա վերջին օրը, երբ գնամ եկեղեցի, լիցքաթափվեմ, հետո կկանգնեմ եկեղեցու դիմացի այգում, ձեռքերս ու հոգիս լայն բաց կանեմ, կնայեմ Արարատիս, թոքերս կլցնեմ մեր մասիվի ամենամաքուր օդով, կժպտամ ու մի պահ, մի երկու պահ, մի երեք պահ լինեմ կատարյալ երջանիկ:
Комментариев нет:
Отправить комментарий