07.11.2013

Անակնկալ անակնկալ

նկարն իմը չի, գողացել եմ անհայտ աղբյուրից
   Ապրում ես քեզ համար, ոչ ոքի չես խանգարում: Գործդ ես անում՝ սիրով ու նվիրումով, ընկերներիդ ու բարեկամներիդ հետ ես շփվում՝ կարոտով ու սպասումներով, կարդում ես՝ հավատալով ու ապրելով: Մեկ էլ քո չսպասված անծանոթից մի չսպասված անակնկալ ես ստանում...ու ամեն ինչ փոխվում է: Հասկանում ես, որ բոլոր ուղիները մի տեղ են տանում՝ ուղիղ դեպի քո երազանքը, որը հնարավոր է, որ շատ խորն ես պահել..այնքան խորը, որ ինքդ էլ մոռանաս...ու անակնկալ անակնկալը քեզ հետ բերի դեպի քո ուղին: Ու մի պահ ապշահար նայում ես հայելու մեջ ու ասում. "Ճիշտ են ասում ֆեսյբուքի սիրուն էջերի սիրուն նկարների իմաստուն նկարագրերը. քոնը քեզնից չի փախչի": Ու առօրյադ ներկվում է վառ կանաչով: Անակնկալ անակնկալից լավ բան չկա: 

16.10.2013

Պարզ ճշմարտություններ

Հավատամ, որ խաբեք,
Թե չէ` իմաստ չկա:
Ձեզ ներեմ, որ կոպտեք,
Թե չէ` հավես չկա:

Ես սպասեմ` ուշանաք,
Կարծես թե ժամ չունեք,
Հանդուրժեմ` չափն անցնեք,
Կարծես թե հիմար եմ:

Դմբոյին ճամփա տանք,
Ինքնուրույն չի հասնի:
Խելոքի գլխին տանք,
Թե չէ մեզ տա կանցնի:

Ես լռեմ, դուք խոսեք,
Այդպես է դրվածքը:
Մոռանամ` դուք հիշեք,
Սա է խառնվածքը:

Ես կարդամ, դուք պատմեք,
Դուք գրեք, ես կարդամ:
Ես ուզեմ, դուք մերժեք,
Դուք չուզեք, իսկ ես տամ:

Ես սպասեմ, մոռանաք,
Մոռանամ, հայտնվեք,
Դուք սպասեք, ես` գնամ,
Ես սպասեմ` դուք չգաք:



Հավասարակշռության մասին

    Ես շատ վստահ եմ, որ հավասարակշռությունը կարևոր է: Այնքան կարևոր է, որ երբեմն մեր հասկանալու սահմանից դուրս բաներ են տեղի ունենում: Ու դա միայն հավասարակշռությունը պահպանելու համար:
   Իմ` անուղղելի լավատես լինելը անգամ չի օգնում, որ ես չզգուշանամ, երբ իմ կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ շատ լավ է լինում: Գիտեմ` վաղ թե ուշ. մի տեղ մի բան կլինի....որ հավասարակշռության գամ: Եթե աշխատավայրում է ամեն
ինչ չքնաղ, պիտի տանը մի խնդիր լինի` կենցաղային կամ ընտանեկան:  Եթե գործերս խառն են, ուրեմն ընկերներիս ու բարեկամներիս հետ լավ ժամանց է սպասվում: Եթե բարեկամներս չաղ ու բախտավոր են, ուրեմն դասերս պիտի այնքան շատանան, որ Ֆեսբուք մտնելու ժամանակ չունենամ: Եթե արտաքինս է լավանում, անպայման առողջությունս մի բարև կուղարկի: Ու այսպես միշտ: Ուշադրություն եմ դարձրել... ՄԻՇՏ..Չեմ կարծում, որ միայն ինձ մոտ է այսպես: Երևի պետք է, որ այսպես լինի: Երևի դա է հավասարակշռության հասնելու եղանակը...թե չէ. եթե ամեն ոլորտում ամեն ինչ լավ լինի, երես կառնենք:

14.10.2013

Ավելորդի մասին

  Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մնում է չափը սահմանել կամ սահմանածը գիտակցել:
  Մեկ-մեկ մի բանի վրա էնքան եմ բևեռվում, որ ամեն ինչ հակառակն է ստացվում: Պետք չի  ձգտել ավելի լավին, քանի կլինի: 
  Մեկը կար, ուղղակի ծանոթ, հավատացեք, իրանից ավելորդ սպասումներ ունեի, մտածում էի` խելոք մարդ դուրս կգա, չի հիասթափեցնի, չի խանգարի, կսատարի..Վերջերս ցավով ընդունեցի, որ խեղճը մեղք չունի, որ ես ավելորդ սպասումներ ունեի, իսկ ինքն ուղղակի մեծացող անձ է..ինձ ոչնիչ էլ պարտավոր չի:
   Երեկ ընկերուհուս մի պահ ուզեցա ընդառաջ գնամ, գնամ օգնեմ, մեկ էլ հասկացա, որ ախր ինքն ինձ չի խնդրել, խնդրել ինչ, չի էլ ակնարկել, որ կարիքս ունի...էլի ավելորդ էի անհանգստանում... պիտի գնայի, օգնեի, հետո ոնց որ միշտ ինձ անբավարար գնահատված զգայի, խեղճին, ով իրականում գանձ ընկեր է, հոգուս շատ խորքում մեղադրեի..ում էր պետք է...եւ ասեցի. "Ավելորդություններիդ վերջ տուր": Տեղս մնացի:  Իմաստուն որոշում էր..տենց պարզվեց: Համ ինքն էր գոհ, համ ես իմ կոմֆորտի գոտուց ներս մնացի:
  Մեկ-մեկ կաշվից դուրս ենք գալիս, որ մեկին օգնենք, որ մի բան անենք...ու պարզվում է նմանատիպ դեպքերի ճնշող մեծամասնությունը ավելորդ են: 
գուգլի օգնությամբ գողացած նկար 
   Մի անգամ ինձ մեկն ասաց, որ ես իրան իր ուզածն առանց խնդրելու էլ տալիս եմ, էլ ինչի խնդրի: Նա էլ է իմաստուն: Երևի պետք չի ավելորդ հոգատար լինել, ավելորդ նվիրվել, ավելորդ ժամանակ տալ, ավելորդ գիտոլիք տալ: Ամեն ինչ չափի մեջ է պետք:  Միայն սերն է ,որերբեք ավելորդ չի լինում..երբեք, եթե ճիշտ ենք ուղորդում ու ճիշտ միջոցներով արտահայտում: Սիրելիներին պետք է նրանց ուզածը տալ, ոչ թե մեր ենթադրությամբ նրանց ուզածը:
  Թեթև է պետք ապրել, ու առանց ավելորդությունների: Առանց ավելորդ ափսոսանքի: Մեկ-մեկ պիտի մի կողմ քաշվենք ու առանց ավելորդ հոզմունքի ապրենք: Ճիշտ եմ ասում:

22.09.2013

Անսպառ

   Երբ անում ես այն, ինչ սիրում ես, էներգիադ անսպառ է:
   Երբ գիտես, թե ինչու ես ներում, բարությունդ անսպառ է:
   Երբ գիտես դիմացինիդ բովանդակությունն ու արժեքը, հարգանքդ անսպառ է:
   Երբ գիտես, թե ինչու ես պայքարում, միջոցներդ անսպառ են:
   Երբ գիտես, թե դեպի ում, ուղիներդ անսպառ են:
   Քանի դեռ ապրում ես, ժամանակդ ու միջոցներդ անսպառ են:

16.08.2013

Կա այլընտրանք

   Անելանելի իրավիճակ չկա..չհամոզեք ինձ..չկա:
   Կարող ես նստել ու փնթփնթալ, կարող ես ուղղակի երլքը տեսնել, ու զարմանքով ընդունել, որ ելքը մեկը չի: Ելքեր միշտ շատ կան: Մենք ընտրում ենք:
 Չեք համոզի ինձ... երբեք, որ մարդ իր կամքին հակառակ մի բան կանի...երբեք..մենք չափազանց եսասեր ենք դրա համար: Ուրիշ բան է չընդունելը, երբ խիզախ չենք կամ մեզ դերասան ենք ձևացնում:
  Ելքը գտնել պետք չի, այն տեսնել է պետք, ինչպես ստեղծագործ լինելու համար մտածել պետք չի, ոնց ընկերներիցս մեկն էլ վերջերս գրել, կրեատիվ լինելը առանց մտածելու է, բնական վիճակ, սեփական ՞ես՞, տեսակ:
   
pic source: ssaoa.com
Կա այլընտրանք..ամեն ինչին..ամեն մեկին...խաղը այփադով ու բեմին է հաճելի, ուրիշ ոչ մի տեղ: Քաջ լինենք:

07.08.2013

Իմաստուն Նա

Երբեմն ինձ թվում է, որ ես եմ ուղղորդում մեր հարաբերությունները, բայց հետո, երբ խորն եմ մտածում, հասկանում եմ, որ ես անում եմ միայն ու միայն այն, ինչ դու ես թույլ տալիս: Որքան միամիտ եմ ես, երբ երբեմն մոլորվում ու հակառակին եմ հավատում: 
Դու փոխել ես իմ կյանքը: Ինձ ես փոխել:
Այսքան ուժեղ ու ինքնավստահ ես երբեք չեմ եղել:
Ես էլ քեզ եմ ուժ տալիս..ես հավատում եմ դրան: Ուզում եմ, որ ասես, բայց երբեք, երբեք չես խոստովանում: 
Դու ոչինչ էլ երբեք չեք խոստովանում:
Բայց երբեմն, երբեմն հազվադեպ,շատ հազվադեպ, երբ անկեղծանում ես, խոցելի ես դառնում, որովհետև մի այնպիսի նրբության ալիք է պատում քեզ, որ ես էլ եմ խուսափում այդքան թանկարժեք ու սպասված պահերից. վախենում եմ քեզ վախեցնել:
Ու ոնց բացատրեմ այն ներքին ջերմությունը, որը վստահ եմ, ներշնչել եմ ինձ, որ զգում եմ, երբ դու ինձ հետ ես մտքերով: Այ հիմա էլ եմ դա զգում: Ու գիտեմ, թե որտեղ ես: Ու գիտեմ, թե ինչ ես անում: Ու կարծում եմ, որ ինձ էլ ես հիշում. գիտես, որ ես կուզենայի կողքիդ լինել հիմա:
Ամեն անգամ, երբ քեզ ցտեսություն եմ ասում, տագնապով ու անհանգստությամբ լցված կարոտ եմ զգում: Կարոտ: Ես փաստորեն ունակ եմ կարոտել: Քեզ կարոտել:
Երբ մի գեղեցիկ բան եմ տեսնում կամ զգում, անպայման ուզում եմ կիսել դա քեզ հետ: Երևի հենց դա է սերը...Լինել հեռվում, ծովի մեջ լողալ ու երազել, որ դու էլ վայելես այդ բերկրանքը:
Երևի հենց դա է սերը, երբ քո զանգից հետո նայում եմ, թե քանի երջանիկ րոպե ավելացավ իմ կյանքում ու ձգտում եմ, որ քո զանգը միշտ վերջինը լինի, որ երբ բացեմ ցանկը, նկարդ տեսնեմ ու ուրախանամ:
Քեզ տեսնելը: Այդքան անհամբեր ոչնչի չեմ սպասում: Պլանավորում եմ, ու ամեն ինչ հակառակի պես անում: Որոշում եմ քիչ խոսել, հետևել քո խոսքին, հնչերանգին, ժեստերին, որ կարդացածս գրքերի հնարները կիրառեմ ու մի փոքր ավելին իմանամ իմ հանդեպ քո զգացմունքների մասին: Բայց չեմ կարողանում: Էլ ոնց կառավարեմ իմ խոսքն ու գործը, երբ դու կողքիս ես: Թույլ եմ, թույլ:
Երևի հենց դա է սերը. երբ ես մի բանից նեղվում եմ ու սկսում պատմություն սարքել, դու ուղղակի լուռ համբերում ես մինչև ամեն ինչ ասեմ ու անցնում ես առաջ, կարծես ուղղակի օրս էի պատմում: Իմաստուն ես երևի:
Միշտ ինձ խոցելի եմ զգում քո առաջ. երևի շատ եմ սիրում քեզ:
Ոնց կարողացար ինձ այսպես խեղճացնել է....
Ապագայի մեր պլաններն են ինձ ստիպում սպասել վաղվան, ու քանի դեռ այտերս այրվում են, ուզում եմ ապրել ու հոգուս խորքում վստահ կլինել, որ դա միմիայն քո՝ իմ հետ մտքով լինելու հետևանքն է: